![]()
Ապրիլյան պատերազմի մասնակիցներն ու հերթապահություն իրականացրած անձինք չեն զրկվել ուսման վարձի զեղչի 20 տոկոսից: Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը` ի պատասխան երեկ որոշ ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկությունների, թե այդ զեղչը չեղարկվել է:
«Գործընթացը տեղի է ունեցել մարտին, երբ մենք բոլոր դիմումները հավաքագրել ենք, և փոխանցումները կատարված են: Եթե անգամ շատ ցանկանայինք, չէինք կարող չեղարկել: Ըստ հրապարակումների՝ քաոսային իրավիճակ է բուհերում և համատարած թույլ չեն տալիս, որ Ապրիլյան պատերազմի մասնակիցները և հերթապահություն իրականացրածները մասնակցեն քննությունների»,-ասաց նախարարը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ արձագանքեց` ասելով, թե մարդիկ կան, որ ուզում են երկրում քաոսային իրավիճակ ստեղծել, չեն կարողանում, որոշում են, որ սոցիալական ցանցերում, մամուլում գրեն, որ քաոսային իրավիճակ է, ներքաղաքական լարված, պայթյունավտանգ վիճակ է: Դրանք նույն շրջանակների տարբեր օղակներն են:
«Ո՞նց կարող է ընդհանրապես նման բան լինել: Դա նույն թեզն է, որ Ապրիլյան պատերազմի մասնակիցների վարձերը չեն տալիս, պատերազմի մասնակիցներին չեն հարգում, հողերը ծախեցին, տվին, ծախած ա, առած ա: Այդ նույն մարդիկ են, նույն շրջանակները: Սա իսկապես ազգային անվտանգության խնդիր է, պարո՛ն Վանեցյան: էդ մարդիկ հիբրիդային պատերազմ են վարում կոնկրետ Հայաստանի դեմ: Այդ մարդկանց անուն-ազգանունները շատ կոնկրետ հայտնի են:
Հասկացանք, 1, 2, 3, 4, այսինքն` այդ գող, ավազակները պետք է երկրում իրենց լա՞վ զգան: Դրանք պետք է մայթերի տակով, «մասկիրովկայով» քայլեն, դրանք ո՞վ են ընդհանրապես: Սա ազգային անվտանգության խնդիր է, և լրջորեն զբաղվե՛ք այս հարցով»,-ասաց Փաշինյանը:
![]()