Սա փորձանք է մեր գլխին, ո՞ւմ է խաբում Շահրամանյանը, թող զոհվեր հայրենիքի համար, Հիտլերը ի՞նչ արեց. Շիրինյան

Լեռնային Ղարաբաղի լուծարման հրամանագիրը ստորագրած Սամվել Շահրամանյանը Երևանում «ստորագրել» է մեկ այլ «հրամանագիր», որով «անվավեր» է ճանաչել 2023 թվականի սեպտեմբերի 26-ին իր ստորագրած Լեռնային Ղարաբաղը լուծարելու մասին հրամանագիրը։

Վերջինս նոր «հրամանագրում» նշել է, թե Լեռնային Ղարաբաղը լուծարելու մասին փաստաթուղթը ստորագրել է՝ ելնելով Լեռնային Ղարաբաղում ստեղծված ծանր ու բարդ ռազմաքաղաքական իրավիճակում ժողովրդի ֆիզիկական անվտանգությունն ու կենսական շահերն ապահովելու հրատապ անհրաժեշտությունից։

«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում կարծիք է հայտնում՝ սա այն քայլն է, որի նպատակով էլ Սամվել Շահրամանյանը առանց խոչընդոտի և ադրբեջանական զորքերի կողմից ձերբակալվելու հասել է Հայաստան։

Ըստ նրա՝ հիմա, երբ այլևս գոյություն չունի Լեռնային Ղարաբաղը, Շահրամանյանի «ստորագրած» հերթական փաստաթղթով փորձ է արվում Ղարաբաղը լուծարելու սցենարը կրկնել նաև Հայաստանում։

«Ինքը ո՞վ է, պետությունը հանձնել եկել է, զադաչան արել է։ Իրենց պետք է հավաքեն և քրեական պատասխանատվության ենթարկեն: Ամբողջ մի երկիր հանձնեցին, եկել մուննաթ են գալիս։ Առաջին հերթին դա վնաս է արցախահայությանը, որովհետև օգտագործելու են պետության դեմ։ Ինչի՞ համար է ստորագրել, ո՞ւմ է խաբել՝ Ալիևի՞ն, եկել է մեզ է ֆռռցնում, ինչի՞ է ստորագրել, թող զոհվեր, հայրենիքի համար նաև զոհվում են, Հիտլերն իրեն խփեց, չէ՞»,- ասում է նա:

Նրա խոսքով՝ այս «հրամանագիր»-ն արվել է Մոսկվայի պատվերով ու օգտագործվելու է Հայաստանի դեմ. «Ադրբեջանն է օգտագործելու, Մոսկվան էլ, Ադրբեջանը Մոսկվայի հետ կպայմանավորվի կամ էլ հակառակը, Մոսկվայից կասեն Ադրբեջանը՝ ինչպես պետք է օգտագործի իրան։ Մոսկվայի համար կյանքի-մահվան խնդիր է Հայաստանում իշխանություն տապալելը, մեր համար կյանքի խնդիր է դրանց իշխանության չթողնելը»։

Շիրինյանը համոզված է՝ այս փաստաթուղթը «ստորագրելով» և դրա մասին բարձրաձայնելով՝ փորձ է արվելու խաղալ արցախահայերի զգացմունքների հետ, որ հետո ավելի հեշտ լինի նրանց այլ նպատակների համար օգտագործելը։

«Դրանք ուրիշ տեսակի մարդիկ են, հայ չեն, խոսքը կլանի մասին է, ոչ թե արցախահայության։ Փորձանքը են նաև արցախահայության գլխին, չեն թողնում հանգիստ ապրեն։ Առաջինը ԼՂ ժողովրդի դեմ են կռվում, շահագործում են նրանց»,- եզրափակում է նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ