Կոպիրկինի՝ ՀՀ պաշտպանության նախարարին հասցեագրված գրությունն ունի մի քանի շերտ. Մարգարյան

Ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արմինե Մարգարյանը կարծում է, որ ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի՝ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին հասցեագրված գրությունը (տեղադրված է մեկնաբանությունների բաժնում) ունի մի քանի շերտ:

«Ֆեյսբուք»-ի իր էջում նա ներկայացրել է դրանք:

«Առաջին՝ կարգի համաձայն ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունները իրենց նամակագրությունը պետք է իրականացեն ՀՀ ԱԳՆ միջոցով: Որոշ, հազվադեպ դեպքերում այս կարգը շրջանցվում է, մասնավորապես երբ հարցը վերաբերում է ընթացիկ, շարունակական, ոչ ֆունդամենտալ նշանակության թեմաներին:

Մինչդեռ, սույն նամակի դեպքում ուղիղ կապի առկայությունը մատնանշում է ռուսական կողմի՝ II համաշխարհային պատերազմի հաղթանակի սեփականության իրավունքի ընդգծում, քանի որ դժվար թե ռուսական կողմը չգիտակցեր, որ սույն գրությունն ուղարկելով արդեն իսկ խառնվում է Հայաստանի ներքին գործերին: Իսկ մեր գործադիրը կամ օրենսդիրը չեն կառավարում մեդիայի կոնտենտը, նույնիսկ եթե այն հնչում է Հանրայինի եթերով:

Երկրորդ՝ «Պատմականորեն կեղծ և սրբապիղծ» են որակվում Արծրուն Հովհաննիսյանի պատմագիտական տեսակետները/ պնդումները:

Գաղտինք չէ, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև անծայրածիր անապատներ են գոյացել մամուլի ազատության, ազատ խոսքի ու կարծիքի ընկալումների առումով: Հետևաբար, ռուսական կողմը իր մեթոդաբանությանը հակադիր, թելադրվող «պատմագիտական տեսակետներից» դուրս գործելաոճի նկատմամբ որևէ կերպ չի կարող ունենալ տոլերանտություն կամ օբյեկտիվ ընկալում:

Երրորդ՝ ռուսական կողմը վրդովված է, որ պատմագիտական տեսակետ/պնդումներն արվել են ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի Մարշալ Հ.Բաղրամյանի անվան Հրամանատարաշտաբային ինստիտուտի պետ Արծրուն Հովհաննիսյանի կողմից: Չ՞է որ կառույցը զբաղվում է սերունդներ կրթելով: Այլ բառերով, դաշտ է նետվում հետխորհրդային տարածաշրջանում «պատմությունը վերանայելու անթույլատրելիության» հին ավանդական ռուսական թեզը:

Եվ վերջապես՝ ըստ իս, սույն նամակին արձագանքել առհասարկ հարկավոր չէ: Արծրունը՝ որպես գիտնական, հնչեցրել է իր պատմագիտական տեսակետը և լավ է արել: Մենք կայուն ժողովրդավարության ձգտող Պետություն ենք, և մեր մոտ գործում են դրանից բխող կարգ ու կանոնները»,- գրել է Մարգարյանը:

ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը բաց նամակով դիմել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին՝ Ստալինգրադի ճակատամարտի նշանակության մասին Արծրուն Հովհաննիսյանի հայտարարությունների առնչությամբ՝ նշելով, թե դրանք, իբր, արդարացնում էին նացիստական Գերմանիայի ագրեսիան:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ