Ուր ասեք, կգամ. վարչապետ դառնալու ցանկություն ունեցող Մարուքյանը ընկել է դռնեդուռ. ո՞ւմ է նա զանգել

Վարչապետ դառնալու ցանկություն ունեցող Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջով ուղիղ եթերի ժամանակ զանգահարել է «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ղեկավարներին՝ Սեյրան Օհանյանին և Հայկ Մամիջանյանին, ու առաջարկել հանդիպել:

Օհանյանը նրան պատասխանել է, որ հարցը կքննարկի խմբակցությունում և կտեղեկացնի։ Իսկ Հայկ Մամիջանյանը հեռախոսազանգին չի պատասխանել․ Մարուքյանը վերջինիս ձայնային հաղորդագրությամբ է փոխանցել առաջարկը։

«Մեկ տարի է՝ Հայաստանում քննարկվում է, որ պետք է իմպիչմենտի գործընթաց սկսվի։ Փողոցներում հազարավոր մարդիկ կային, ես ասում էի՝ գնացեք խորհրդարանում անվստահության գործընթաց սկսեք։ Ընդդիմադիր խմբակցությունների ձայները չէին հերիքում։ Հիմա իրավիճակ է փոխվել․ ՔՊ-ից դուրս եկած երկու պատգամավորներ կան, որոնք իմպիչմենտի նախաձեռնություն են սկսել»,- ուղիղ եթերի ժամանակ ասել է նա։

Մարուքյանը որևէ խոչընդոտ չի տեսել, որ խորհրդարանական երկու ընդդիմադիր ուժերի պատգամավորներն իրենց ստորագրությունը դնեն Փաշինյանին անվստահություն հայտնելու նախագծում, որը հասցեագրվում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին։

Նիկոլ Փաշինյանի կառավարման շրջանում հատուկ հանձնարարություններով դեսպան աշխատած Մարուքյանը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացին ժողովուրդը կաջակցի։ Ըստ նրա՝ պահը հասունացել է։

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Քաղաքացիական պայմանագրից» հեռացված Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը վարչապետի թեկնածու են առաջադրել Էդմոն Մարուքյանին:

«Որպես ՄԱՍԿ վարչության անդամ լիազորված եմ հայտարարել, որ վարչության որոշմամբ՝ հանձնարարվեց Ազգային Ժողովի պատգամավորներ Հակոբ Ասլանյանին և Հովիկ Աղազարյանին ՀՀ վարչապետին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագծով որպես վարչապետի թեկնածու առաջադրել ԱԺ 5-րդ, 6-րդ, 7-րդ գումարումների պատգամավոր, ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանին»,- ասվում է Հովիկ Աղազարյանի գրառման մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ