Սարսափելի է, կհեռացվեն բոլոր անձինք, որոնք տեղյակ են եղել. ԿԳՄՍ նախարար

«Մխչյանի դպրոցում տեղի ունեցածը սարսափելի է, այլ բառեր չունեմ»:

Այս մասին մայիսի 16–ին լրագրողների հետ զրույցում ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ հավելելով, որ այժմ քննություն է գնում։

«Հույս ունենք՝ քննության ավարտից հետո մենք կունենանք բոլոր հարցերի պատասխանները կոնկրետ դրվագի հետ կապված»,- նշել է Անդրեասյանը Անդրեասյանը։

Նրա խոսքով՝ նմանատիպ իրավիճակն անթույլատրելի է, նման իրավիճակում պետք է ոչ միայն իրավապահների աշխատանքը, այլ նաև պետք է հասկանալ, թե դպրոցն ինչ քայլեր պետք է ձեռնարկած լիներ, որ օղակն է իր տեղում եղել և որը՝ ճիշտ արձագանքել։ Ըստ նախարարի՝ աշխատանքից կազատվեն բոլոր նրանք, ովքեր տեղյակ են եղել:

«Նման դեպքերը տեղի չեն ունենում մեկ օրում, տեղի չեն ունենում պարզապես, դրանց որոշակի նշաններ երևում են, անհագստացնող ազդակներ են լինում։ Եթե մենք այստեղ ունենանք բավարար զգայունություն և արձագանք ընտանիքներից, դպրոցից, միջավայրից, դրանք չեն կարող նման սրացում ունենալ, խորանալ և կարող են շատ ավելի վաղ փուլում կանխվել»,- ասել է Անդրեասյանը:

Նա նշել է, որ նախարարությունը լուրջ անելիք ունի մի քանի ուղղություններով։

«Նախ, երեխաները պետք է տեղեկացված լինեն վնասական հետևանքներից, սովորություններից, վտանգներից և պարզ կլինի, թե որ իրավիճակում ով ինչ կարող է առաջարկել և իրենք ինչպես կարող են արձագանքել։ Նաև իմանան՝ որ պարագաներում ում կարող են դիմել, ինչպես կարող են աջակցություն ստանալ։

Այո, մենք ունենք խնդիր նաև դպրոցներում անվտանգության ստանդարտի ապահովման:

Մեզ մտահոգում են ոչ միայն թմրանյութերը, այլև կողմնակի ազդեցություններով տարբեր միջադեպերը։ Դպրոցների ելումուտը վերահսկելու խնդիր ունենք։

Ինչ վերաբերում է թմրանյութերին, մենք հիմա քննարկում ենք դպրոցներում թեստավորման տարբերակը։ Ուզում ենք հասկանալ՝ ինչ եղանակով դա կարող է իրականացվել՝ հաշվի առնելով անձնական տվյալների հետ կապված հարցերը։ Հասկանում եք, որ սա բավականին զգայուն ու նուրբ թեմա է, բայց մյուս կողմից մեր երեխաների առողջության ու անվտանգության առնչվող շատ կարևոր հարց է։ Առաջիկայում մենք ընդունելի տարբերակը կգտնենք։

Այն, ինչ տեղի է ունեցել, չպետք է կրկնվի, ամեն ինչ անենք, որ դա չկրկնվի»,-ասել է նախարարը։

Նա նաև նշել է, որ պարբերաբար ահազանգեր են լինում, կասկածելի բաներ են նկատվում դպրոցների մոտակայում, նման դեպքերում արագ կապ են հաստատում իրավապահների հետ։

Ավելի վաղ ԶԼՄ-ներում լուրեր էին տարածվել, որ օրեր առաջ դպրոցում տեղի է ունեցել սարսափելի միջադեպ։

Ըստ տեղեկությունների՝ բարձր դասարանների մի քանի տղաներ դպրոցի զուգարանում կապկպել են 4-րդ դասարանի երկու աշակերտի և ստիպողաբար թմրանյութ տվել, որից հետո երեխաների մոտ կախվածություն է առաջացել, նրանք սկսել են տնից գումար գողանալ կրկին նույն աշակերտներից թմրանյութ գնելու նպատակով։

Արարատի մարզպետի աշխատակազմը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ խորապես մտահոգված են դպրոցում տեղի ունեցած միջադեպով։

Խստորեն դատապարտելով կրթական հաստատությունում արձանագրված անթույլատրելի երևույթը՝ ընդգծվել է, որ դեպքը կմնա մշտական վերահսկողության ներքո, կարվի հնարավորը՝ կանխելու նման իրավիճակների կրկնությունը:

Արարատի մարզի Մխչյան գյուղի Քրիստափոր Ալավերդյանի անվան դպրոցում տեղի ունեցած դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ:

4 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, 1 անձի վերաբերյալ կա ձերբակալման որոշում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ