20 հազար դրամից մինչև 500 հազար դրամ. ինչ գներ են «շուկայում» և քանի՞ մարմնավաճառ է հաշվառված ՀՀ-ում

2024-ին հաշվառվել է 32 մարմնավաճառ, 2023-ին՝ 31, 2022-ին՝ 32: ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության հսկողության վարչության պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Գեորգի Խաչատրյանը Zarkerak.am-ի հետ զրույցում նշեց, որ Երևանից բացի ամենամեծ թվով հաշվառումները եղել են Արմավիրի, Կոտայքի, Սյունիքի և Շիրակի մարզերում:

Իսկ ամենահին մասնագիտությունը կրողները Հայաստանում այսօր միայն իրենց բնորոշ հավաքատեղիներում չէ, որ հանդիպում են, նրանք նաև տեղափոխվել են օնլայն հարթակներ: Սոցիալական ցանցերից զատ, ներկայացված են նաև էսկորտ ծառայության տասնյակ կայքերում, հենց դրանցից էլ տեղեկացանք, որ սեքս աշխատողի հետ մեկժամանոց հանդիպումը սկսվում է առնվազն 20 հազար դրամից հասնելով և անցնելով 120 հազար դրամը, իսկ եթե ցանկություն կա մի ամբողջ օր անցկացնել, ապա «ամենապահանջվածները» պահանջում են մոտավորապես 400-500 հազար դրամ:

Փողոցից կտրելը դժվար է

«Պոռնկությամբ զբաղվելու հաշվառման գործընթացի շրջանակում պարբերաբար իրականացվում են կանխարգելիչ բնույթի միջոցառումներ, շրջում ենք պոռնկությամբ զբաղվողների հնարավոր հավաքատեղիներոով, այդ թվում՝ այսպես ասած հյուրատներով: Ենթադրյալ պոռնկությամբ զբաղվողներին հայտնաբերելու համար, հիմնավոր կասկածի դեպքում վարչական գործընթաց ենք նախաձեռնում, եթե հանարվոր է՝ տեղում, եթե ոչ՝ բերման ենք ենթարկում»,- ընթացակարգը ներկայացրեց Գեորգի Խաչատրյանը:

Խաչատրյանը բացատրեց, որ հաշվառվում են բացառապես այն անձինք, ովքեր ենթարկվել են վարչական պատասխանատվության.«Քանի դեռ չենք հիմնավորել պոռնկությամբ զբաղվելը և վարչական պատասխանատվության չենք ենթարկել, անկախ հանգամանքից, որ ունենք նման գործունեությամբ զբաղվելու տեղեկություն, չենք կարող հաշվառման վերցնել»:

Պոռնկությամբ զբաղվելու համար սահմանվում է վարչական պատասխանատվություն նվազագույն աշխատավարձի 20-ապատիկի չափով՝ 20 հազար դրամ, մեկ տարվա ընթացքում նույն արարքը կրկին կատարելու համար՝ 40 հազար դրամ:

Սակայն մեր զրուցակցի խոսքով հաշվառված լինելը և վարչական պատասխանատվության ենթարկելը պոռնկությամբ զբաղվողներին չեն կտրում փողոցից.«Պոռնկությամբ զբաղվելու դրդապատճատ է նյութական շահը, հետևաբար կարող ենք ասել, որ պրոֆիլակտիկ կանխարգելիչ աշխատանքները ավելի ցածր արդյունավետություն ունեն: Եթե դիտարկենք վերջին տարիները, ապա չէի ասի, որ պոռնկությամբ զբաղվողներն ավելացել են, ուղղակի ժամանակի ընթացքում մեր տեսադաշտում գտնվողները տարիքից կամ այլ հանգամանքներից ելնելով դադարեցնում են գործունեությունը, սերնդափոխություն է լինում»:

Մեր զրուցակիցը նաև տեղեկացրեց, որ այսպես ասած մերսման սրահներում կանխարգելիչ գործողություններ իրականացնում են ՏԻՄ-երը, օրինակ Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայությունը:

Իսկ արդեն համացանցում մարմանավաճառներին հետքերով գնալը հեշտ չէ.«Համացանցն անորոշ տիրույթ է, այս առումով բավական դժվարություն ունենք՝ անձին նույնականացնելու, սրանով զբաղվով կոնկրետ ստորաբաժանումներ չունենք: Համացանցային տիրույթը, հնարավոր ռիսկային կայքերը, էջերը մեր տեսադաշտում են, վարչական իրավախախտումերի կանխման մեջ նաև ի հայտ են գալիս պոռնկությամբ զբաղվող անձանց էջեր: Եթե տեղեկություն ենք ձեռքբերում, որ համացանցում անձը ենթադրյալ պոռնկությամբ զբաղվող է, փորձում ենք հիմնավորել այդ հանգամանքը: Անձի կողմից պոռնկությամբ զբաղվելու հանգամանքը, համեմատած վարչական օրենսդրության այլ իրավախախտումների հետ տարբերվում է նրանով, որ ներխուժում ենք նրա նեղ կյանք, ապօրինի գործունեությունն ապացուցելը մի քիչ բարդ է դառնում

Ինտերնետային տիրույթի մշտադիտարկման վիճակագրություն չունենք, կիբեռհանցագործության վարչության կողմից հնարավոր է հաշվառումներ վարվեն՝ կավատության, ինտերնետային ճանապարհով այլ անձի պոռնկության ներգրավելու հարցով վիճակագրություն»:

Մեր զրուցակիցը նաև նշեց, որ վերջին տարիներին պոռնկությամբ զբաղվող անչափահասներ չեն եղել, անչափահասների դեպքում հարցին առավելապես մոտենում են նրանց դրա մեջ ներգրավելու՝ կավատության հիմքով, ինչն արդեն քրեորեն պատժելի է.«2022-ին ունեցել ենք կավատություն վերաբերյալ 2 քրգործ, 2023-ին և 2024-ին՝5, պոռնկությամբ զբաղվելուն նպաստելուն՝ 7,2023-ին՝ 5, 2024-ին՝1, երեխային պոռնկության, կամ պոռնոգրական նյութեր պատրաստելուն և տարածելուն ներգրավելու հետ կապված՝ 1 քրգործ,2023-ին՝ 2, 2024-ին՝ 1»:

Ծառայություն՝ առանց ապահովության

«ՀՀ ԱՆ Մաշկաբանության ազգային կենտրոն սեքս աշխատողների իրավունքներով զբաղվող ՀԿ-ներն ամսական միջինում անվճար հետազոտման են ուղարկում 10 սեքս աշխատողի»,- այս մասին Zarkerak.am-ի հետ զրույցում ասաց կենտրոնի Սեռավարակների բաժանմունքի ղեկավար Էմիլ Միրզոյանը: Նշեց, գուցե կան սեքս աշխատողներ, որոնք առանց ուղղորդման են գալիս, բայց նման վիճակագրություն չի վարվում:

ՀՀ պետական որևէ մարմին չունի իրավասություն ստուգելու պոռնկությամբ զբաղվողների՝ սեռավարակներ ունենալ-չունենալը: Գեորգի Խաչատրյանը նշեց, որ թեև իրավական որևէ կետ չկա, որ նշված լինի, որ ոստիկանությանն արգելվում է ուղղորդելը բժշկական զննության, բայց ՆԳՆ գործառույթը պոռնկությամբ զբաղվելը հիմնավորելն է և պատասխանատվության ենթարկելը, ոչ թե հիվանդությունների հայտնաբերումը. «Դա ավելի շատ նմանվում է անձին փորձաքննության ուղարկելուն, որը վարչական պատասխանատվության ենթարկելու տրամաբանության մեջ չէ, նաև կարող է դիտարկվել իրավունքների սահմանափակում՝ պարտադրանք բժշկական զննություն անցնելու, որը նույնպես ոչ իրավաչափ է և նման լիազորություն մեզ վերապահված չէ։ Նման գործողություններ անձի հետ կարող են իրականացվել եթե, օրինակ առկա է քրեական վարույթ սեռավարակով դիտավորյալ կամ անզգուշությամբ վարակելու հատկանիշներով կատարված հանցագործության վերաբերյալ, այն էլ արդեն նախաքննական մարմնի կողմից»։

Առողջապահության նախարարությունից էլ մեզ հայտնեցին, որ սեքս աշխատողների՝ սեռավարակներին ստուգման վերաբերյալ գերարտեսչությունը որևէ ֆունցիա չունի, վիճակագրություն չի վարում:

«10-ից առնվազն 3-ի՝ 25-30%-ի մոտ հայտնաբերվում են սեռավարակներ: Առաջին տեղում սիֆիլիսն է, հետո գոնորեան, ապա՝ խլամիդիան: ՄԻԱՎ-ի դեպքերն այդքան էլ մեծ թիվ չեն կազմում, դրանով այդքան էլ հեշտ չէ վարակվել, եթե մարդն առողջ է քիչ է շանսը, որ անգամ ՄԻԱՎ վարակակրի հետ հարաբերություն ունենալուց կվարակվի: Այնպես չէ, որ հայտնաբերում ենք միայն ՄԻԱՎ կամ սիֆիլիս, հեպատիպ B կամ C,ավելի շատ հեշտ բուժվող սեռավարակներ են լինում, բայց դրանք ևս հանդիպում են»,- նշեց Միրզոյանը:

«Սեքս աշխատողներ կան, որ շատ ուշադիր են իրենց առողջության նկատմամբ, հաճախ գալիս ստուգվում են, բայց կան այնպիսիք, որ տարիներով չեն ստուգվում: Վերջին տարիներին ամսական այցելությունները գրեթե նույն շրջանակում են»:

Ի դեպ մեր զրուցակիցը նշեց, որ ՀՀ-ում այժմ ամենատարածված սեռավարակը սիֆիլիսն է.«Մինչև 2020-ը ամեն տարի գրանցվում էր մոտ 100 դեպք, 2021-2022-ին սկսեցինք առավել ինտենսիվ աշխատել ռիսկի խմբերի՝ այդ թվում սեքս աշխատողների հետ, 4 անգամ աճեց այդ թիվը՝ 2021-ին՝ 422, 2022-ին՝ 540, 2023-ին՝ մոտ 600, 2024-ին՝ 850: Թվերի աճը մտահոգիչ է, քանի որ ըստ միջազգային ստատիստիկայի՝ 1 չբուժված սիֆիլիսի դեպքը տարվա ընթացքում բերում է 4 նոր դեպքի: Բայց նաև կարևոր է հայտնաբերումը, այսինքն՝ եթե 2024-ին 800 հոգու բուժել ենք, նշանակում է կանխել ենք 2400 նոր դեպք»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ