Գևորգ Պապոյանն այցելել է «Սմարթ Ագրո» ՓԲԸ, ներկայացրել պետական աջակցության գործիքակազմը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 15֊ին այցելել է Կոտայքի մարզում գործող՝ «Սմարթ Ագրո» ՓԲԸ։

Ինչպես հայտնում են նախարարությունից, այցին մասնակցել է նաև նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը։

Ընկերությունը հիմնադրվել է 2019 թ․-ին CARD հիմնադրամի կողմից, ունի 11 հիմնական աշխատակից։ Տնօրեն Արման Օհանյանի ուղեկցությամբ նախարարը շրջել է ընկերությունում, խոզերի գենետիկ կենտրոնի լաբորատորիայում։

Շրջայցի ընթացքում նախարար Գևորգ Պապոյանը ներկայացրել է պետական աջակցության այն գործիքակազմը, որն ուղղված է բուծվող կենդանիների գենոֆոնդի բարելավմանն ու մթերատվության ավելացմանը, այս համատեքստում հատկապես կարևորելով «Մթերատվության բարձրացման փորձնական ծրագիրը»։

«Սմարթ Ագրո» ՓԲԸ-ն զբաղվում է անասնաբուծության և անասնաբուժության ոլորտում մասնագիտական ծառայությունների և ապրանքների մատակարարմամբ, մասնավորապես՝ կենդանիների գենետիկական հատկանիշների խթանման նպատակով պետական օժանդակության ծրագրերի շրջանակում տոհմային նշանակության գյուղատնտեսական կենդանիների ներկրմամբ, խոշոր եղջերավոր կենդանիների արհեստական սերմնավորման նպատակով բարձրորակ ամերիկյան և ավստրիական ցլերի սերմնահեղուկի ներկրմամբ և մատակարարմամբ, խոզերի գենետիկ միակ կենտրոնում՝ տոհմային վարազներից սերմնահեղուկի արտադրությամբ։

Ընկերությունը նաև ֆերմերային և գյուղացիական տնտեսություններին մատուցում է անասնաբուծական և անասնաբուժական խորհրդատվական և մասնագիտական ծառայություններ, ինչպես նաև զբաղվում է ֆերմերների, անասնաբույժ մասնագետների վերապատրաստմամբ՝ արտերկրից հրավիրված փորձագետների կողմից։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ