Ընդդիմությունը ՀՀ քաղաքական դաշտի ռեսուրսներն է «մաշում»

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանի հետ զրուցել ենք երեկ ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի, Լևոն Քոչարյանի պահվածքի և իշխանության անելիքների մասին։

Պատգամավորը նախ ներողություն խնդրեց քաղաքացիներից՝ երեկվա ԱԺ դրսևորումների և ընդհանրապես այդ որակի քննարկումների համար։

«Իրականում, ՔՊ-ն բավականին բարդ դրության մեջ է հայտնվել, որովհետև իսկապես դժվար է ներքաշել մեր ընդդիմությանը քաղաքակիրթ, կառուցողական քննարկումների դաշտ։ Ես իմ ելույթում ԱԺ ամբիոնից սրա մասին խոսել եմ, բայց իմ խորին համոզմամբ, այլընտրանք, քան կառուցողական ընդդիմադիր դառնալու «Հայաստան» դաշինքի և «Պատիվ ունեմ» կուսակցությունների համար ուղղակի չկան։ Ըստ էության, այս դրևորումները կարելի է ընդամենը գնահատել կամ բնորոշել որպես Հայաստանի Հանրապետության քաղաքական դաշտի ռեսուրների վատնում կամ սպառում կամ մաշում, ինչպես իրենց սիրած ձևակերպումներում հաճախ կարելի է լսել»,- ասաց պատգամավորը։

Իսկ կոնկրետ Լևոն Քոչարյանի մասով պատգամավորն ասաց, որ մեծ առանձնահատկություն ընդհանուր ֆոնից զատ պետք չի տեսնել, սա ընդհանուր մի գծի շարունակություն է, որը ինչ-որ պահի նման դրսևորում կունենար, և վստահ է, որ եթե նրանք չվերանայեն իրենց գործելակերպը՝ ինչ-որ պահի դրությամբ նմանատիպ դրսևորումներ միգուցե այլ դերակատարների կողմից ևս կհրահրվեն։

«Ես կարծում եմ, որ սա հարց է, որը ՔՊ-ն պետք է իսկապես լրջորեն քննարկի իր ներսում։ Եվ մենք պետք է հասկանանք՝ ինչպես ենք վարվում ընդհանրապես էս դրսևորումների հետ, որովհետև սա անարգանք է ՀՀ-ին, ԱԺ- նկատմամբ, որպես ինստիտուտ և հետևաբար, սա անարգանք է մեր ժողովրդի, մեր հասարակության նկատմամբ, ովքեր քվեարկել են մեր օգտին՝ ամենևին նպատակ չունենալով նման ցածրորակ քննարկումների ականտեսը լինելու»,- նշեց պատգամավորը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ