Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը շարունակում է պաշտոնավարել

Նոր Նորքի թաղապետարանն արձագանքել է վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանի հրաժարականի մասին լուրերին։

«Արմենպրես»-ի հետ զրույցում, անդրադառնալով մամուլում տարածվող լուրերին, թե Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, թաղապետարանի լրատվական բաժնից նշել են.

«Տիգրան Տեր-Մարգարյանը շարունակում է պաշտոնավարել։ Եթե նման տեղեկություն լինի, դուք դրա մասին կիմանաք»։

Երևանի քաղաքապետարանի խոսնակն էլ իր էջում Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի հնարավոր հրաժարականի վերաբերյալ տեղեկացրել է, որ նման զարգացման դեպքում կտրվի պաշտոնական մեկնաբանություն։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը թաղապետարանի աշխատակիցների հետ ծեծի էր ենթարկել իրենց հասցեին ավելի վաղ հայհոյանքներ հնչեցրած ակտիվիստ Արթուր Չախոյանին:

Երևանի քաղաքապետարանից մեկնաբանել էին Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանի և ակտիվիստ Արթուր Չախոյանի միջև թաղապետարանում տեղի ունեցած միջադեպը:

Ծեծկռտուքի հետևանքով միջադեպից հետո ձերբակալվել է վեց անձ։

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանին և բլոգեր, ակտիվիստ Արթուր Չախոյանին մեղադրանքներ են առաջադրվել:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը գործակարգավարական խորհրդակցության ժամանակ անդրադարձել է օրեր առաջ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպին։

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանն էլ ներողություն է խնդրել տեղի ունեցածի համար։

«Տեսարանը ոչ հաճելիներից էր, կարծում եմ՝ որպես վարչական շրջանի ղեկավար՝ չպետք է տրվեի սադրանքին, պետք է առավելագույնս պահպանեի զսպվածություն։ Ցավում եմ տեղի ունեցածի համար, ձեզնից և հանրությունից ևս մեկ անգամ ներողամտություն եմ հայցում, դրանից հետո ինքս եկել եմ բազմաթիվ եզրահանգումների»,- ասել է նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ