![]()
Ազգային ժողովում երկու շաբաթ է՝ մթնոլորտը թեժացած է. պատճառը, ինչպես միշտ, իշխանության և ընդդիմության տեսակետների բախումն է: Իշխանությունն ընդդիմությանն է մեղադրում վերջիններիս կառավարման տարիներին թալանի, կոռուպցիայի և ապօրինությունների համար, ընդդիմությունն էլ նույն հարցերում մեղադրում է գործող իշխանությանը:
Մթնոլորտը հատկապես շիկացավ նախորդ շաբաթ՝ Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, երբ ներկա էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Իրավիճակը այն աստիճան սրվեց, որ անգամ հունից հանեց Կառավարության ղեկավարին:
Նկատենք, որ այս օրերին Ազգային ժողովում Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը մանրամասնեց, թե դատարանը գույքային և դրամական ինչ պահանջ է ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի ընտանիքին: Քոչարյանների ունեցվածքի մեծությունը կրկին գրգռել է հանրության զայրույթը. արդարացիորեն հարց է բարձրացվում, թե ինչու մինչ օրս նրանք պատասխանատվության չեն ենթարկվում պետությանը պատճառած վնասների համար:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում «Հանուն Հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանը, անդրադառնալով վերոնշյալին, նկատում է՝ ընդդիմության նման վարքը երկու պատճառ ունի. մեկն այն է, որ անօրինական գույքը սկսել է զանգվածաբար վերադարձվել պետությանը, երկրորդը՝ նախընտրական պայքարի մեջ են մտել, և այս երկու գործոնները տալիս են նման էֆեկտ:
Անդրադառնալով ընդդիմության այն մեղադրանքներին, թե օրվա իշխանությունը վերածվել է բռնապետի, բայց խոսում է ժողովրդավարությունից, Մեհրաբյանն արձագանքում է. «Եթե ՀՀ-ն բռնապետություն լիներ, նրանք ամեն ծակից դուրս չէին գա»:
Ըստ զրուցակցի՝ ընդդիմությունը գործում է վերջին ճակատամարտի տրամաբանությամբ. 2026 թվականի ընտրությունները նրանց համար վերջին հնարավորությունն է՝ կա՛մ լափամանը կվերադարձնեն, կա՛մ էլ կհայտնվեն քաղաքական գերեզմանաքարի ներքո:
Մեհրաբյանը հիշեցնում է՝ ինչպես ԱԺ նախագահն է հայտարարել, Հայաստանի դեմ տարվում է հիբրիդային պատերազմ, սակայն, ըստ նրա, միայն հայտարարությամբ սահմանափակվելը քիչ է, պետք են հստակ գործողություններ:
Կուսակցության փոխնախագահը ամփոփելով ասում է՝ այս ամենը կշարունակվի, քանի դեռ խորհրդարանական ընդդիմությունը դուրս չի դրվել քաղաքականությունից, քանի դեռ Ռուսաստանը չի կորցրել Հայաստանի իրավիճակի վրա ազդելու լծակները և այսպես շարունակ:
Վերջինս ընդգծում է՝ մինչև 2026 թվականը թե՛ իշխող ուժը, թե՛ առողջ ընդդիմադիր ուժերը պետք է անհոգնել աշխատեն՝ խորհրդարանում ներկա իրողությունը փոխելու և որոշ ուժերի ներկայությունը բացառելու համար:
Առավել մանրամասն՝ ռեպորտաժում:
![]()