![]()
Ինչպես հայտնի է, մայիսի 9-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցեց Ռուսաստանում անցկացված Հայրենական մեծ պատերազմի հաղթանակին նվիրված միջոցառումներին:
Եթե մինչ այդ ակտիվ քննարկվում էր վարչապետի գնալ-չգնալու հարցը, ապա այցելությունից հետո դաշտ են նետվել խոսակցություններ, թե այս այցով Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները վատթարացել են, և դրա վառ ապացույցն այն է, որ Հայաստանը չի հրավիրվել Եվրամիության արտաքին գործերի նախարարների՝ Լեհաստանում կայացած գագաթնաժողովին:
Իրավագետ, իրավաբանական գիտությունների թեկնածու Արտաշես Խալաթյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նկատում է՝ հրավեր չստանալը օբյեկտիվ է, քանի որ Հայաստանը ո՛չ Եվրամիության անդամ է, ո՛չ էլ անդամակցության հայտ է ներկայացրել։
Առկա պաշտոնական տվյալների համաձայն՝ Հայաստանը երբեք չի մասնակցել Եվրամիության արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպումներին «Գիմնիխ» ձևաչափով, որը գոյություն ունի դեռևս 1974 թվականից։ Այս հանդիպումները նախատեսված են հիմնականում Եվրամիության անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների համար, երբեմն էլ՝ հատուկ հրավիրված առանցքային գործընկերների, կամ անդամության հայտ ներկայացրած երկրների:
Նրա խոսքով՝ հասկանալի չէ, թե այդ գագաթնաժողովին Հայաստանը ինչ կարգավիճակով կարող էր մասնակցել, հետևաբար պատճառահետևանքային կապ վարչապետի Մոսկվա մեկնելու և Հայաստանի այդ հավաքին չմասնակցելու միջև չկա։
Ըստ զրուցակցի՝ դատելով վարչապետի մասնակցության ձևաչափից և այդ միջոցառման շրջանակներում տեղի ունեցած հանդիպում-շփումներից այլ երկրների ղեկավարների հետ՝ պարզ ընդգծվում է այն հանգամանքը, որ Մայիսի 9-ի մասնակցության նպատակը հայ ժողովրդի կողմից ֆաշիզմի դեմ պայքարի ընդգծումն է եղել, ինչի մասին այդ օրվա իր ուղերձում նշել է նաև Հայաստանի վարչապետը։ Հետևաբար այդ համատեքստում դժվար է խոսել Եվրամիություն-Հայաստան հարաբերությունների վատթարացման մասին, կարծում է իրավագետը:
Իրավագետ, իրավաբանական գիտությունների թեկնածու Արտաշես Խալաթյանի գնահատմամբ՝ Եվրամիության հետ հարաբերություններում Հայաստանին հաջողվում է առաջ տանել բալանսավորված քաղաքականությունը:
Առավել մանրամասն՝ ռեպորտաժում:
![]()