Ի՞նչ բացահայտումներ կան Արարատ Միրզոյանի դեմ 2020 թվականին իրականացրած սպանության փորձի գործից․ մանրամասներ

Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը, Ազգային ժողովում իր ելույթի ընթացքում պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանի հարցին, մանրամասներ ներկայացրեց 2020 թվականին այդ ժամանակ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի դեմ մահափորձի գործից:

Հակոբյանը հարցրեց, թե ինչո՞ւ գործը 4.5 տարի անց դեռ բացահայտված չէ: ՔԿ նախագահը հիշեցրեց՝ երբ 2020 թվականի նոյեմբերի 9-ի գիշերը զանգվածային անկարգությունների հետ կապված վարույթը քննվել է ԱԱԾ քննչական դեպարտամենտում, ինքը զբաղեցրել է ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետի պաշտոնը:

«Հենց սկզբի օրվանից ակտիվ քննչական գործողություններ են կատարվել: Առաջին 1-2 ամսում մի քանի տասնյակ անձանց վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: Եվ այս պահին արդեն իսկ ունենք մեղադրական դատավճիռներ»,- ասաց Պողոսյանը:

Նրա խոսքով՝ անցյալ տարի Արարատ Միրզոյանի նկատմամբ մահափորձ կատարելու վերաբերյալ դրվագով մեկ անձ կալանավորվել է:

«Հավաստիացնում եմ՝ ներկայում ակտիվ քննչական գործողություններ են կատարվում: Դրանով բազմաթիվ համակարգված և մեծածավալ օպերատիվ հետախուզական միջոցառումներ են իրականացվել ԱԱԾ-ի կողմից, առանձին-առանձին հատվածներում անձանց նույնականացնելու, կազմակերպիչներին և դերակատարներին պարզելու ուղղությամբ մեծածավալ գործողություններ են կատարվել: Հավաստիացնում եմ, որ հենց հիմա այդ գործով քննչական ստորաբաժանումը պլանավորում է անհետաձգելի քննչական գործողություններ, և շուտով արդյունքներ կունենանք: Ի պատիվ ԱԱԾ-ի՝ բազմաթիվ չպարզաբանված անձանց արդեն իսկ նույնականացրել ենք»,- ընդգծեց նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ