ՌԴ-ում ծվարած օլիգարխների գումարները օգտագործվելու են ՀՀ-ի դեմ հիբրիդային պատերազմում. ինչի՞ են ուզում հասնել

«Խաղաղության երկխոսություն» ՀԿ նախագահ Էդգար Խաչատրյանի գնահատմամբ՝ Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ վարելու Ռուսաստանի քաղաքականությունը նոր մակարդակի է հասել։

Նրա կարծիքով՝ դա պայմանավորված է հատկապես 2026 թվականին կայանալիք խորհրդարանական ընտրություններով։

«Խորհրդարանական ընդդիմությունը, այսինքն՝ ՌԴ-ի երգը երգող ընդդիմությունն է հենց վտանգը այդ հիբրիդային պատերազմի։ Նրանք դանդաղեցված գործողության ռումբեր են, որոնք ցանկացած պահի օգտագործել և օգտագործվում են Հայաստանի դեմ։ Ամենօրյա ռեժիմով ռուսական քարոզ է տարվելու, մեզ փորձելու են ապացուցել, որ ՌԴ-ն մեր միակ բարեկամն է»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա։

Վերջինս համաձայն է նաև Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի այն մտքին, որ ՀՀ-ի հանդեպ տարվող հիբրիդային պատերազմում մեծաքանակ փող է ծախսում հյուսիսային հարևանը. «Շատ դեպքերում ոչ թե ֆինանսավորում են, այլ ազգությամբ հայ օլիգարխների ռեսուրսները, որոնք Մոսկվայում են ծվարել, օգտագործելու են Հայաստանի դեմ։ Այնքան մարդիկ կան, որոնք արդեն իսկ պատրաստ են իրենց սեփական ռեսուրսները ներդնել դրանում»։

Խաչատրյանի կարծիքով՝ հիբրիդային պատերազմի նպատակը Ռուսաստանի համար նաև հենց դա է, որ Հայաստանը շարունակի Հարավային Կովկասում մնալ իր փրկօղակը. «ՌԴ-ն բավականին բարդ վիճակում է գտնվում, բավականին լուրջ խնդիրներ ունի, կորցրել է իր արժեքը, ամբողջ աշխարհում իր ունեցած կշիռը, իսկ դա նշանակում է, որ միայն Հայաստանի վրա կարելի է հույս դնել։ Ռուսաստանի ընկալմամբ՝ բոլոր սովետական պետությունները իր անբաժան մասն են, նա երբեք չի ընկալելու Հայաստանը որպես սուվերեն պետություն»։

Վերջինիս խոսքով՝ Ռուսաստանից աջակցություն ստացող ուժերը ամեն ինչ անելու են, որ ներկայիս իշխանության դեմ ատելություն ձևավորվի, հասարակության շրջանում դժգոհություն առաջանա, և դրա դեմ պայքարը Հայաստանը պետք է տանի՝ նվազեցնելով ռուսական ռեժիմից եկող նարատիվները։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ