![]()
Մայիսի 11-ի վաղ առավոտից կրկին սկսվել են մայիսի 4-ից Մարմարիկում անհետացած 2-ամյա Տիգրանի որոնողական աշխատանքները։
ՆԳՆ խոսնակը հայտնել է, որ աշխատանքները տարվում են ինչպես գետի երկայնքով ու ջրամբարում, այնպես էլ գյուղում և հարակից տարածքներում։
Փրկարարական և ոստիկանական մեծաքանակ ուժեր կան ներգրավված։
Զուգահետ ստուգվում են բոլոր վարկածները, անձանց հետ զրույցներ են տարվում, մեքենաներ են ստուգվում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Մարմարիկ գետում փրկարարների ներգրավվածությամբ իրականացվում են որոնողական աշխատանքներ 2-ամյա երեխային գտնելու ուղղությամբ։ Կիրառվել են անօդաչու սարքեր և փրկարար նավակներ, աշխատել են կինոլոգիական ծառայության աշխատակիցներ, մինչ օրս որոնումներ են իրականացնում ջրասուզակները:
Մայիսի 4-ին Կոտայքի մարզի անչափահաս բնակչի՝ 2 տարեկան երեխայի անհետացման փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:
Մայիսի 7-ին Մարմարիկ գետի հոսքը մասամբ կանգնեցվել էր, հատուկ նավակներ ու սարքեր էին իջեցվել ջրի հատակն ամբողջ երկայնքով նկարելու համար: Գործողությունը, սակայն, արդյունք չի տվել:
Մայիսի 9-ին փոքրիկ Տիգրանի ծննդյան օրն էր, նա դարձել է 2 տարեկան:
![]()