![]()
2023 թվականին Հայաստանում օգտագործված ցորենի 80 տոկոսը ներկրվել է Ռուսաստանից:
Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի ղեկավար Արեգ Քոչինյանը թվարկում է Ռուսաստանից Հայաստանի կախվածություններից մեկը, որն արդեն սպառնալիքի է վերածվել։
Եվ հենց այդ սպառնալիքներն ու կախվածություններն են պատճառը, որ «Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոն» հասարակական կազմակերպությունը «Իրազեկ քաղաքացիների միավորման» հետ համատեղ իրականացրել է «Հայաստանի Հանրապետության հիմնական կախվածությունները Ռուսաստանի Դաշնությունից․ սպառնալիքներ և լուծումներ» խորագրով հետազոտական աշխատանք:
Գրքի համահեղինակներից Արեգ Քոչինյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է՝ Ռուսաստանից Հայաստանի կախվածությունները տարբեր ոլորտներում եղել են միշտ՝ ՀՀ անկախության առաջին օրվանից, բայց որպես սպառնալիք դրանք սկսել են ընկալվել բոլորովին վերջերս:
Հարցին, թե այդ սպառնալիքները չկառավարելն ու չչեզոքացնելը ինչ ռիսկեր են ստեղծում մեր երկրի համար, Քոչինյանը պատասխանում է՝ հիբրիդային հարվածները, որոնք Ռուսաստանի կողմից Հայաստանի դեմ սկսվել են դեռևս 2021-22 թվականներին, ավելի են սաստկանալու և վերածվելու են հիբրիդային պատերազմի։
Քոչինյանը նաև նկատում է՝ Ռուսաստանը տարիներ շարունակ որոշակի ազդեցության լծակներ է ստեղծել Հայաստանի թե՛ քաղաքական, թե՛ փորձագիտական, թե՛ մեդիադաշտի վրա ազդելու համար, որոնք գնալով ավելի ու ավելի են մեծանում:
Աշխատության մյուս հեղինակը՝ փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանը, նկատում է, որ աշխատության բուն նպատակը ոչ միայն Ռուսաստանից Հայաստանի կախվածությունները մատնանշելն է, այլև լուծումներ առաջարկելը, ճանապարհ ցույց տալը, որպեսզի այդ կախվածությունները մեր երկիրը չզրկեն ազատությունից։
Ռուսաստանից կախվածությունները նվազեցնելու ճանապարհին պարբերաբար հանդիպելու ենք խոչընդոտների, առաջացնելու ենք Մոսկվայի խանդը, սակայն դա մեզ չպետք է խանգարի, ասում է Ղևոնդյանը։
Արեգ Քոչինյանը հավելում է՝ Ռուսաստանից Հայաստանի տնտեսական, պարենային, ենթակառուցվածքային, էներգետիկ, տեղեկատվական, ֆիզիկական, ռազմաքաղաքական և մի շարք այլ կախվածություններ և ճնշման խողովակներ չեզոքացնելու ճանապարհին Հայաստանն ունի տնային աշխատանք։
Քոչինյանի խոսքով՝ գիրքն առաջին հերթին պետք է լինի որոշում կայացնողների սեղանին, սակայն այն հանրամատչելի է. ցանկացած մարդ կարող է ծանոթանալ բովանդակությանը, դրանում տեղ գտած սպառնալիքներին ու առաջարկվող լուծումներին։
Առավել մանրամասն՝ ռեպորտաժում:
![]()