Հնդկաստանը և Պակիստանը համաձայնության են եկել լիակատար և անհապաղ hրադադարի շուրջ․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հնդկաստանի և Պակիստանի կառավարությունները ԱՄՆ-ի հետ բանակցություններից հետո համաձայնության են եկել լիակատար և անհապաղ հրադադարի շուրջ։

«Միացյալ Նահանգների միջնորդությամբ գիշերվա երկար բանակցություններից հետո ուրախ եմ հայտարարել, որ Հնդկաստանը և Պակիստանը համաձայնության են եկել լիակատար և անհապաղ հրադադարի շուրջ», — գրել է Թրամփը սոցցանցի իր էջում:

Մայիսի 7-ի գիշերը Հնդկաստանը հարվածներ է հասցրել Պակիստանին և Պակիստանի կողմից վերահսկվող Քաշմիրի շրջաններին։ Հնդկաստանի բանակը հայտարարել է «Սինդուր» գործողության մեկնարկի մասին, որի թիրախում «Պակիստանի ահաբեկչական ենթակառուցվածքներն են»։

Պակիստանը պատասխանել է փոխադարձ հարվածներով, 48 ժամով փակել է իր օդային տարածքը և կործանիչներն օդ է հանել։ 2 կողմում կան տուժածներ և զոհեր:

Այս սրումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Հնդկաստանը Իսլամաբադին մեղադրել է ապրիլի վերջին հնդկական հողում զբոսաշրջիկների վրա կատարված ահաբեկչությանը աջակցելու համար, որի հետևանքով զոհվել էր 26 մարդ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ