![]()
ՀՀ կառավարությունը մայիսի 8-ի նիստում որոշում է ընդունել, որի համաձայն՝ տրանսպորտային միջոցների առուվաճառքը, նվիրատվությունը, լիզինգը, համարանիշների ստացումը, հաշվառման վկայականները կթվայնացվեն։
ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը մանրամասնելով նշել է, որ տրանսպորտային միջոցի առուվաճառքի և նվիրատվության հիմքով մեքենայի սեփականության իրավունքի փոփոխման հետ կապված գործընթացների թվայնացումն էապես կթեթևացնի քաղաքացիների վիճակը։
«Սա նշանակում է, որ նախկինում մեր քաղաքացիները այս դեպքերում, երբ պայմանագիր էին կնքում` հաշվառման քննական ստորաբաժանումներ մի քանի անգամ այցելելով, ապա հիմա առաջարկում ենք թվային հարթակի միջոցով այդ ամենն իրականացնել։ Հարթակն ինքնաշխատ եղանակով կկատարի բոլոր անհրաժեշտ ստուգումները, կգեներացնի էլեկտրոնային պայմանագիր` էլեկտրոնային ստորագրությամբ։ Այնուհետև համակարգը այս պայմանագիրը կուղարկի գնորդին, որը, իր հերթին, եթե համաձայնում է առաջարկված պայմաններին, ստորագրում է այս պայմանագիրը»,- նշել է նախարարը։
Նրա խոսքով՝ թվային լուծումներն արդեն պատրաստ են, և առաջարկվում է կարգավորումները ուժի մեջ մտցնել 2025թ. սեպտեմբերի 1-ից։ Հարթակից կարելի է օգտվել նաև ոչ աշխատանքային օրերին ու ժամերին։
Սարգսյանը հավելել է, որ գրավի իրավունքի գրանցման համար նախկինում ենթադրվում էր այցելություն հաշվառման քննական կենտրոններ, մինչդեռ նոր համակարգով այս գործարքները ևս կլինեն թվային հարթակի միջոցով ինքնաշխատ տարբերակով։
Նախարարն առանձին անդրադարձել է մեքենայի համարանիշների փոփոխությանը. ըստ այդմ՝ եթե անձը տրանսպորտային միջոցի առուվաճառքից հետո չի ցանկանում պահպանել հին համարանիշը և ցանկանում է նորը ձեռք բերել, ապա ՆԳՆ–ն նրան առաջարկում է փոստային առաքման տարբերակը։
«Մենք առաջարկում ենք փոստային տարբերակով նոր համարանիշի առաքում, որպեսզի այս դեպքում ևս անձը չայցելի հաշվառման քննական կենտրոններ և այդ մետաղի կտորը ստանա ու ամրացնի տրանսպորտային միջոցին»,- տեղեկացրել է Սարգսյանը՝ հավելելով, որ թվայնացումը վերաբերելու է նաև հաշվառման վկայականներին։
![]()