Ես բավարարված չեմ, որևէ բառ Հոկտեմբերի 27-ից չեք ասել, մե՞զ էիք խնայում. Անդրանիկ Քոչարյանը՝ Գլխավոր դատախազին

«Այսօր Երկրապահի օրն է, ըստ ավանդույթի, պետք է գնայի Եռաբլուր, չեմ գնացել, որպեսզի լսեմ, թե ինչ կա Հոկտեմբերի 27-ի գործի հետ կապված: Անձամբ ինձ հետաքրքրել են Ձեր մոտեցումները երկու կարևորագույն չբացահայտված գործերով՝ Հոկտեմբերի 27, Մարտի 1: Դուք ասացիք, որ դա մեր երկրի պատվի հարցն է, ճիշտ է, Հոկտեմբերի 27-ը մի ոճրագործություն է, որը չբացահայտումը ոչ մի լավ տեղ չի տանելու»,- ՍԺ-ում այս մասին ասաց ՔՊ պատգաամվոր, Պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ դիմելով Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին:

Հիշեց Հրանտ Մաթևոսյանի խոսքերը՝ Հոկտեմբերի 27-ը պետք է բացահայտվեր հոկտեմբերի 28-ին.«Այդ որդը պետք է մեզ չհոշոտի ամեն օր, մենք իրար մեջ պետք է թշնամիներ ման չգայինք: Ակնկալում էի, որ Հոկտեմբերի 27-ի հետ կապված պետք է հիշատակեիք ոչ թե նախաքննության գաղտնիքները, բայց բաներ կան, որ նախաքննության գաղտնիքին չեն առնչվում»:

«Հեղափոխությունից հետո Գլխավոր դատախազը Արթուր Դավթյանն էր, մեր ակնկալիքներն էլի չեղան, հիմա երբ դուք էիք նշանակվում միշտ այն պատկերացումն եմ ունեցել,որ երկրի առողջացման մեջ Գլխավոր դատախազի ինստիտուտն ամենակարևորն է: Վկաների մեծ մասը մահացել են շատ տարօրինակ ձևով՝ մեկուսարանում, կախվելով, էլեկտրահարվելով, եթե մեծ ուժեր չլինեին այս ամենի հետևում, այսպիսի ինքնասպություններ կլինեի՞ն, այս հարցերն այնքան շատ պարարտ հող են տալիս բացահայտման համար»,- ասաց Քոչարյանը:

«Հոկտեմբերի 27-ը պետք է բացահայտված լիներ հոկտեմբերի 28-ին, այսօր 2025 թվականն է՝ Երկրապահի օրն է, չեմ գնացել՝ ի՞նչ պետք է ասեի ես Վազգեն Սարգսյանին՝ գերեզմանին նստելուց, խունկ վառելուց: Ես բավարարված չեմ, Դուք որևէ բառ Հոկտեմբերի 27-ից չեք ասել, մե՞զ էիք խնայում՝ ինձ չխնայեիք, Գագիկ Մելքոնյան, Սեյրան Օհանյանին չխնայեիք: Տվեք մեզ հեռանկարը օր առաջ 27-ի թեման փակելու, կարևորագույն վկաներ դեռ կան»,- ասաց պատգամավորը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ