![]()
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, Հայկական համալսարանի ունկնդիրների և դասախոսների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Արցախյան խնդրի բանակցային գործընթացին՝ նշել է․«Իմ խորին համոզմամբ 2018 թվականին ունեինք բանակցային շատ լավ իրավիճակ»։ Սակայն ըստ Սերժ Սարգսյանի հեղափոխությունից հետո նոր իշխանություն եկավ և փչացերցին ամեն ինչ։
Սերժ Սարգսյանը կամ զբաղված է էժանագին մանիպուլյացիայով, կամ ուղղակի հիշողության հետ խնդիրներ ունի։ 2018 թվականի գարնանը, մինչև հրաժարականը, Սերժ Սարգսյանը ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ «Բանակցային գործընթացը լավատեսություն չի ներշնչում, բայց ավելի հստակ ասած, այդ բանակցային գործընթացը ուղղակի կանգնած է։ Այլևս գոնե շատ տևական ժամանակ երբեք մենք չպետք է հույս փայփայենք, որ Ադրբեջանի ղեկավարությունը թողնելու է իր ուխտադրուժ մոտեցումները, թողնելու է իր ցանկությունը՝ ուժով լուծելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը»։ Սա փաստացի նշանակում էր, որ Սերժ Սարգսյանը բաց տեքստով հայտարարեց մոտալուտ պատերազմի մասին։
Սերժ Սարգսյանն ու նրա շրջապատը գիտեին, որ Արցախի հարցը լուծվելու է բացառապես մեկ ճանապարհով, և այդ ճանապարհը պատերազմն էր։
2020 թվականից հետո և մինչև օրս Սերժ Սարգսյանն ու իր խմբակը զբաղված են պատմությունը «սրբագրելով»։ Նրանք փորձում են հասարակությանը ներկայացնել մի բան, որն ըստ էության իրականության հետ ոչ մի աղերս չունի։
Ընդհանուր առմամբ բանակցային գործընթացը սկսել է ընդդեմ Հայաստանի աշխատել դեռևս այն ժամանակ, երբ Արցախը դուրս մնաց այդ գործընթացից, երբ 1998 թվականի հայտնի պալատական հեղաշրջումից հետո իշխանության եկան մարդիկ, որոնք հասարակությանը համոզում էին, թե իբր չեն գնալու զիջումների, սակայն Հայաստանից դուրս բանակցում էին բոլորովին այլ լուծումների մասին։
Ավելին, 1998 թվականի պալատական հեղաշրջումից հետո, 20 տարի շարունակ Քոչարյան- Սարգսյան զույգը իրենց անհեռատես քաղաքականության պատճառով ավելի ու ավելի էին մոտեցնում պատերազմը, ու փոխանակ հասարակությանն ու երկիրը պատրաստեին պատերազմին՝ նրանք զբաղված էին պետության հարստությունը միմյանց միջև կիսելով։ Իսկ այդ ընթացքում Ադրբեջանը բանակցային գործընթացում ոչ միայն ուժեղացնում էր իր դիրքերը, այլև հզորացնում էր զինանոցը և արդեն 2018 թվականին, հենց ինքը՝ Սերժ Սարգսյանն է բաց տեքստով հայտարարում, որ Ադրբեջանը ուժային լուծումից բացի այլ տարբերակի մասին լսելու ցանկություն չունի։
Պատմությունը կեղծելու և վերաշարադրելու առումով Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը բավական հարուստ փորձ ունեն։ Ինչպես Արցախյան առաջին պատերազմից հետո այդ զույգը սկսեց իրենց համարել Արցախը ազատագրող հիմնական հերոսներից, այդպես էլ այսօր են փորձում ձեռքերը լվանալ և խուսափել 2020 թվականի պատերազմի պատասխանատվությունից։
![]()