![]()
ՀՀ-ն երբեք չի ճանաչել ԼՂ Հանրապետությունը: ԽՍՀՄ կազմալուծման գործընթացին գրեթե միաժամանակ Ալմա Աթայի հռչակագրի ստորագրմամբ ՀՀ-ն ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ԽՍՀՄ փլուզման պահին եղած սահմաններով:
Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ արձագանքելով պատգամավոր Հասմիկ Հակոբյանի հարցին՝ ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
«Ավելին՝ փոխադարձ միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու այս շատ հիմնարար սկզբունքը հստակորեն արտահայտված է ԼՂ հակամարտության բանակցային գործընթացի բոլոր փուլերում, ամենասկզբից, և արտահայտված է բոլոր նշանակալի փաստաթղթերում, այդ թվում՝ այսօր քննարկված Մադրիդյան սկզբունքներում: Մադրիդյան սկզբունքներից մեկը հենց տարածքային ամբողջականությունն էր, մյուսը՝ ինքնորոշման իրավունքը, ընկալվում էր հենց տարածքային ամբողջականության շրջանակներում:
Նույն հիմնարար սկզբունքը՝ Ալմա Աթայի հռչակագրին համահունչ տարածքային ամբողջականության ճանաչմամբ, արտահայտված է ավելի ուշ շրջանի բանակցային փաստաթղթերում, տարբեր ձևաչափերում տեղի ունեցած հանդիպումների արդյունքներով եղած հայտարարություններում, այդ թվում՝ 2022 թվականի հոկտեմբերի 6-ի Պրահայի քառակողմ հայտարարության մեջ: Նույն սկզբունքը արտահայտված է նաև 2024 թվականի օգոստոսի 30-ին ստորագրված՝ համապատասխան ներպետական գործընթացներից հետո ուժի մեջ մտած Ադրբեջանի և Հայաստանի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի մեջ:
Այս նույն սկզբունքը արտահայտված է նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի հաստատված համաձայնեցված տեքստում»,- ասաց Արարատ Միրզոյանը:
![]()