Կաշառք ստանալու մեջ մեղադրվող ՍԱՏՄ 2 պաշտոնյայի վերաբերյալ գործի նախաքննությունն ավարտվել է, ուղարկվել դատարան

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) Վայոց ձորի մարզային կենտրոնի երկու գլխավոր տեսուչները, իրենց լիազորություններն օգտագործելով կաշառք տվողի կամ նրա մատնանշած անձի օգտին անգործություն կատարելու համար, խմբի կազմում, նախնական համաձայնությամբ տարբեր տնտեսվարողներից կաշառք են ստացել, ինչպես նաև կատարել պաշտոնեական կեղծիք:

Այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից:

«Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ հիշյալ պաշտոնատար անձինք հայտնաբերված խախտումների պայմաններում չեն կասեցրել մսի իրացումը և հետագա ոչնչացման նպատակով այն չեն առգրավել, ինչպես նաև չեն կազմել խախտում թույլ տված անձանց վարչական պատասխանատվության ենթարկելու արձանագրություններ, որի դիմաց տնտեսվարողներից որպես կաշառք ստացել են վառելանյութ և տարբեր չափի գումարներ։

Ապօրինի անգործության համար խմբի կազմում կաշառք ստանալու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար երկու պաշտոնատար անձանց մեղադրանքներ են ներկայացվել:

Մեղադրանքներ են ներկայացվել նաև հիշյալ պաշտոնատար անձանց կաշառք տված չորս քաղաքացիներին, որոնց նկատմամբ քրեական հետապնդումը նախաքննության ընթացքում դադարեցվել է գործուն զղջալու հիմքով։

ՍԱՏՄ պաշտոնատար անձանց վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ