![]()
Մայիսի 7-ի գիշերը Հնդկաստանը հարվածներ է հասցրել Պակիստանին և Պակիստանի կողմից վերահսկվող Քաշմիրի շրջաններին։
Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Իսլամաբադը մեղադրվել է ապրիլի վերջին հնդկական հողում զբոսաշրջիկների վրա կատարված ահաբեկչությանը աջակցելու մեջ, որի հետևանքով զոհվել էր 26 մարդ:
Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը հարվածների մասին հայտնել է սոցցանցերում։
«Հնդկաստանի զինված ուժերը սկսել են «Sindoor» օպերացիան, որը ճշգրիտ և զուսպ պատասխան է բարբարոսական ահաբեկչությանը: Հարվածները հասցվել են Պակիստանի ինը ահաբեկչական ենթակառուցվածքի օբյեկտներին, ինչպես նաև Ջամուի և Քաշմիրի օկուպացված հատվածին», — ասվում է ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ:
Հնդկաստանի իշխանություններն ընդգծել են, որ իրենք չեն հարձակվել «պակիստանյան ոչ մի ռազմական օբյեկտի վրա», ինչը «արտացոլում է Հնդկաստանի չափված և ոչ էսկալացիոն մոտեցումը»։ Հնդիկ զինվորականները խոստացել են հարձակման մանրամասները հայտնել «օրվա ընթացքում»:
Հնդկաստանի հարձակումից հետո Պակիստանը 48 ժամով փակել է իր օդային տարածքը։
Իսկ ՀՀ ժամանակով կեսգիշերին, երկրի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հնդկական հարձակման են ենթարկվել Բահվալպուր (Փենջաբ նահանգ), ինչպես նաև Կոտլի և Մուզաֆարաբադ (Քաշմիրի Պակիստանի կողմից վերահսկվող հատված) քաղաքները։
CNN-ը գրում է, որ 1971 թվականի հնդկա-պակիստանյան պատերազմից հետո առաջին անգամ հարվածներ են հասցվել Քաշմիրի հակամարտության գոտուց դուրս գտնվող տարածքներին։
Պակիստանի պաշտպանության նախարարությունը քիչ ուշ հայտարարել է, որ պատրաստվում է պատասխան հարված հասցնել: Իսլամաբադից հարձակումը սկսվել է ՀՀ ժամանակով կեսգիշերից անմիջապես հետո։
Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը սոցցանցերի իր էջում հնդկական կողմի հարձակումն անվանել է պատերազմական ակտ։ Շարիֆը նաև ասել է, որ Պակիստանի հինգ քաղաք ենթարկվել են հնդկական «վախկոտ» հարվածների։ Երկրի վարչապետը խոստացել է «վճռական» պատասխան տալ Դելիի «հրահրված հարձակմանը»։
«Պակիստանը բոլոր իրավունքներն ունի վճռականորեն պատասխանելու Հնդկաստանի կողմից պարտադրված այս ռազմական գործողությանը և վճռական գործողություններ է ձեռնարկում»,- գրել է Շարիֆը։
Պակիստանյան Geo հեռուստաալիքը, վկայակոչելով երկրի պաշտպանության նախարարության ներկայացուցչին, հայտնում է երեք խաղաղ բնակիչների սպանության և 12 վիրավորների, ինչպես նաև երկու մզկիթի ավերման մասին։ Պակիստանի պաշտպանության նախարար Աֆիսը հայտարարել է, որ Հնդկաստանը թիրախավորում է խաղաղ բնակիչներին:
Hindustan Times-ը հաղորդել է Պակիստանի հրետակոծության մասին Քաշմիրի LoC տարածքում:
Պակիստանի «Սամաա» հեռուստաընկերությունը նաև հայտնել է ֆրանսիական արտադրության հնդկական ռազմաօդային ուժերի Rafale կործանիչների խոցման մասին, իսկ ավելի ուշ հրապարակել է լուսանկարը, որը, ըստ նրա, խոցված ինքնաթիռներից մեկն է: Ինքնաթիռները, ենթադրաբար, խոցվել են հակաօդային պաշտպանության կողմից Բահավալպուրի շրջանում։ Հնդկական կողմից նման կորուստների հաստատում չի եղել։ Ավելի ուշ Պակիստանի զինվորականները պաշտոնապես նման տեղեկություն են տվել CNN-ին։
Հնդկաստանը վաղ առավոտյան ևս հրթիռային հարվածներ է հասցրել Պակիստանի վերահսկողության տակ գտնվող տարածքներին, ինչի հետևանքով, ըստ Պակիստանի անվտանգության ծառայությունների, զոհվել է առնվազն ութ մարդ։
Պակիստանի իշխանությունների տվյալներով՝ հրթիռները հարվածել են մի շարք վայրերի՝ վնասելով չորս մզկիթ և մեկ բժշկական կենտրոն։
ՄԱԿ-ը երկու կողմերին զսպվածության կոչ է արել։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սրումն անվանել է «խայտառակություն» և հույս հայտնել, որ դրա շուտափույթ ավարտը կլինի։
Երկրների միջև սահմանային գծի երկայնքով լարվածությունը սրվել էր այն բանից հետո, երբ օրեր առաջ ահաբեկիչները հարձակում էին սկսել Հնդկաստանի Ջամու և Քաշմիր շրջանի Պահալգամ քաղաքի մոտակայքում: Մի քանի զինված անձինք կրակ են բացել զբոսաշրջիկների վրա, ինչի հետևանքով զոհվել է 25 հնդիկ և Նեպալի մեկ քաղաքացի։ Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Դիմադրության ճակատ» խմբավորումը, որը կապված է «Լաշքար-է-Թայբա» ահաբեկչական կազմակերպության հետ։
Ի պատասխան հարձակման՝ Հնդկաստանի Անվտանգության հարցերով կաբինետի կոմիտեն վարչապետի գլխավորությամբ որոշել էր կրճատել Հնդկաստանի և Պակիստանի դեսպանատների անձնակազմը 55-ից մինչև 30, կասեցնել Հինդուսի ջրերի պայմանագիրը և փակել միակ գործող ցամաքային սահմանային անցակետը Վագահ-Աթարիում:
Նյու Դելին ժամանակ է տվել պակիստանցիներին, որոնք մուտք են գործել անցակետով՝ լքել երկիրը մինչև մայիսի 1-ը: Բացի այդ՝ Հնդկաստանի իշխանություններն արգելել են հարևան պետության քաղաքացիներին մուտք գործել Հարավային Ասիայի Տարածաշրջանային Համագործակցության Ասոցիացիայի (SAARC) վիզայի ազատման սխեմայով: Նրանք, ովքեր արդեն ունեցել են այն, 48 ժամ են ստացել Հնդկաստանից հեռանալու համար։
Երկիրը նաև անմիջապես դադարեցրել է վիզաների տրամադրումը Պակիստանի քաղաքացիներին, իսկ գոյություն ունեցող փաստաթղթերը չեղարկվել են ապրիլի 27-ից:
Իր հերթին Պակիստանի իշխանությունները հայտարարել են, որ դադարեցնում են առևտուրը Նյու Դելիի հետ երրորդ երկրների միջոցով, Հնդկաստանի պաշտպանության, ռազմածովային և օդային ուժերի խորհրդականներին Իսլամաբադում պերսոնա նոն գրատա են հայտարարել, փակել են իրենց օդային տարածքը երկրի ավիաընկերությունների համար և դադարեցրել են վիզաների տրամադրումը քաղաքացիներին SAARC վիզայից հրաժարվելու սխեմայով:
Իսլամաբադն ընդգծել է, որ Հինդուսի ջրերի պայմանագրի համաձայն՝ Պակիստանին պատկանող ջրի հոսքը դադարեցնելու կամ շեղելու ցանկացած փորձ, ինչպես նաև ստորին ծովափնյա պետությունների իրավունքների յուրացում, կդիտվի որպես պատերազմի ակտ:
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հանդիպում է ունեցել երկրի պաշտպանության նախարարի, վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի և Հնդկաստանի զինված ուժերի բոլոր երեք ճյուղերի ղեկավարների հետ։
Ըստ PTI գործակալության աղբյուրների՝ նա ասել է, որ հանրապետության զինված ուժերը «լիակատար օպերատիվ ազատություն» ունեն ահաբեկչական հարձակմանը պատասխանելու եղանակի և ժամկետների վերաբերյալ որոշումներ կայացնելու հարցում և հաստատել է ահաբեկչությանը ջախջախիչ հարված հասցնելու ազգային վճռականությունը։
Հրապարակումից անմիջապես հետո Պակիստանի տեղեկատվության նախարար Աթթաուլլահ Տարարը հայտարարել է, որ Հնդկաստանը պատրաստվում է ռազմական հարված հասցնել երկրին։
![]()