Գնա՞լ Մայիսի 9-ին Մոսկվա, թե՞ ոչ. կրեմլյան շքերթին մասնակցելու և չմասնակցելու մարտահրավերները. տեսանյութ

Մայիսի 9-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը կգնա՞ Մոսկվա՝ մասնակցելու Հայրենական մեծ պատերազմին նվիրված միջոցառումներին, թե՞ ոչ, Կառավարության ղեկավարի աշխատակազմը դեռ պաշտոնապես չի հայտարարել, հարցը սակայն ակտիվ քննարկվում է:

Արևմտյան հայացքներ ունեցող քաղաքական և հասարակական գործիչները կարծում են՝ չպետք է գնալ և մասնակցել՝ այդ կերպ ցույց տալով, որ Հայաստանը շարունակում է իր վրդովմունքը հայտնել այն վարքագծի համար, որը դրսևորել է Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության հարցում: Ռուսական ուղղությունը գերադասողներն էլ պնդում են, որ Հայաստանն անպայման պետք է մասնակցի միջոցառումներին՝ Հայաստան-Ռուսաստան հարաբերություններին նոր լիցք հաղորդելու, բացի այդ՝ այդ կերպ հարգելու նաև այն հայորդիների հիշատակը, որոնք մասնակցել են Մեծ պատերազմին:

Հարցին Ազգային ժողովում անդրադարձել էր նաև Ալեն Սիմոնյանը: Վերջինս չէր բացառել այն, որ հնարավոր է՝ վարչապետը չմեկնի Մոսկվա՝ Հաղթանակի շքերթին մասնակցելու։

Սիմոնյանը, սակայն, կարծիք էր հայտնել, որ Հայաստանը պետք է մասնակցի այս հանդիպմանը, քանի որ 1945թ․ հաղթանակի հարցում նաև մեր երկիրը դերակատարություն ունի։

Ըստ Ազգային ժողովի խոսնակի՝ նման այցերը նաև միջազգային գործընկերների հետ հանդիպումների հնարավորություն են։

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նկատում է՝ որոշումը ընդունելու է Հայաստանի վարչապետը, սակայն ինքը՝ որպես փորձագետ, մտավախություններ ունի այցի հետ կապված։

Հիշեցնենք՝ Լատվիայի արտաքին գործերի նախարար Բաիբա Բրժենի Լյուքսեմբուրգում Եվրամիության արտաքին գործերի նախարարների հանդիպման մեկնարկից առաջ արած հայտարարությունում ասել էր՝ Եվրամիության անդամ պետությունները թեկնածու պետություններին տվել են շատ հստակ հրահանգ՝ չմասնակցել մայիսի 9-ի շքերթին, չկատարել նման ուղևորություններ, քանի որ դա չի համապատասխանի Եվրամիության արժեքներին:

Քաղաքագետն այն համոզմանն է, որ Մայիսի 9-ին ներկա գտնվելով էլ, չգտնվելով էլ Հայաստանի համար ռիսկեր կան՝ միաժամանակ նկատելով, որ եթե հայկական կողմը չգնա, կնեղանա միայն Ռուսաստանը, իսկ գնալու դեպքում Եվրամիությունն ու Նահանգները կվերանայեն Հայաստանի վերաբերյալ իրենց ունեցած կարծիքը։

Զրուցակիցը շեշտում է՝ Հայաստանը պետք է բռնի բալանսավորված քաղաքականության ճանապարհը, որի մասին խոսել է նաև վարչապետը: Ըստ նրա՝ հենց սա է, որ թույլ կտա Հայաստանին ապագայում խուսափել նման խոսակցություններից՝ արժե՞ գնալ Մոսկվա, թե՞ ոչ։

Գրիգորյանի խոսքով՝ անվտանգությունը պետք է զարգացնել Նահանգների հետ, գնալ դեպի Եվրամիություն, իսկ մնացած այլ երկրների հետ բալանսավորել հարաբերությունները։

Առավել մանրամասն՝ ռեպորտաժում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ