Ի՞նչն է պատճառը, որ ընդդիմությունը որոշել է «սայլը ձիուց առաջ կապել»՝ փողոցային պայքար չսկսած՝ իմպիչմենտ է նախաձեռնել

Նախկին նախագահ Սերժ Սարգսյանի աջակիցներ Էդգար Ղազարյանն ու Նարեկ Մալյանը, ինչպես հայտնի է, ՀՀ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց սկսելու առաջարկով դիմել են ԱԺ պատգամավորներին։ Մինչդեռ գործընթացի հեղինակները վարչապետի թեկնածու չեն առաջադրել՝ շրջանցելով Սահմանադրության պահանջը։ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելը, նկատենք, Ազգային ժողովում կարող է քննարկվել միայն այն դեպքում, երբ առնվազն 36 պատգամավոր տա գործընթացի մեկնարկի համար անհրաժեշտ ստորագրություն։ Նվազագույնը 54 քվե էլ՝ պատգամավորների պարզ մեծամասնությունը, անհրաժեշտ է, որպեսզի գործընթացը հասնի իր տրամաբանական ավարտին։ Նկատենք, սակայն, որ խորհրդարանական ընդդիմությունը չունի անհրաժեշտ քվեներ սույն գործընթացը գլուխ բերելու համար։ Նույնիսկ փողոցային պայքար չի սկսել, որ ժողովրդական ճնշումը «միքսի» խորհրդարանական գործընթացի հետ և հասնի իր փափագին։ Ի՞նչն է պատճառը, որ նախկինում տարատեսակ շարժումներ նախաձեռնած ընդդիմությունն այս անգամ փողոցային պայքար չի սկսում, այն դեպքում, երբ ՀՀ վարչապետը քանիցս և մասնավորապես նաև ԱԺ ամբիոնից հայտարարել է՝ որ պահին ժողովուրդը որոշի, որ ինքն այլևս չպետք է լինի վարչապետ, անվարան ընդառաջ կգնա ժողովրդի պահանջին։ Այս և այլ հարցերի շուրջ civic.am-ը զրուցել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հետ։

— Պարոն Դանիելյան, ՀՀ-ում և մասնավորապես նաև պառլամենտում կա՞ն վարչապետին անվստահություն հայտնելու իրավաքաղաքական նախադրյալներ։

— Նախադրյալները կան, նախադրյալները նոր չեն։ Էն իրավիճակում, որում հայտնվել է ՀՀ-ն, ցանկացած ժողովրդավարական երկրում էդ գործիքակազմը օգտագործվում է, դա հիմնականում կիրառվում է ընդդիմության կողմից։ Գործընթացը նորմալ և հասկանալի է էն իրավիճակում, որում հայտնվել է հանրապետությունը՝ հատկապես 2021 թվականից հետո, հայտնի իրողություններով պայմանավորված՝ Արցախի հանձնում, Տավուշում տեղի ունեցած դեպքերը… և դա պետք է նորմալ ընդունվի իշխանության կողմից։ Ի վերջո, դա գործիքակազմ է, որը տրված է ընդդիմությանը, պատգամավորներին իրենց գործունեության, լիազորության շրջանակներում էդ ամեն ինչը անելու։

— Անշուշտ, անվստահության գործընթացը սահմանադրական գործիք է, սակայն արդյոք նման գործընթաց սկսելու իրավաքաղաքական նախադրյալներն ապահովե՞լ եք։ Հայտնի է, որ գործընթացը տրամաբանական ավարտին հասցնելու համար ընդդիմությունը չունի անհրաժեշտ ձայներ։ Չապահովել այդ միջավայրը, այդ նախադրյալներն ու նման գործընթաց բերելն ԱԺ արդյոք սեփական ոտքին կրակելու, «պրոցես հանուն պրոցեսի» տրամաբանության մեջ չէ՞։ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հ. Մամիջանյանը նշեց, որ պատրաստ են աշխատել ՔՊ-ի պատգամավորների հետ, նրանց համոզել, «հեղափոխել», որպեսզի միանան ձեզ։ Այս ընթացքում ձեզ հաջողվե՞լ է գոնե մեկ՝ ՔՊ-ն ներկայացնող պատգամավորի «հեղափոխել» և հակել դեպի ձեզ։ Նկատենք՝ «Հայաստան»-ն այս ընթացքում ունեցել է մեկ պատգամավորի կորուստ։

— Քաղաքականությունը հնարավորի արվեստ է, և այդ առումով ընդդիմությունը պետք է ամեն ինչ անի, որպեսզի գա իշխանության։ Եվ իշխանության գալն էլ ինքնանպատակ չէ։ Հիմա դրան նախապատրաստվող աշխատանքներ պիտի՞ տարվեն, իհարկե պիտի տարվեն։ Արդյոք դրա համար պե՞տք է լինի ժողովրդական աջակցություն, քաղաքական ուժերը պե՞տք է ունենան ճանապարհային քարտեզ, պիտի լինի՞ մոբիլիզացիան, պիտի տարվեն այդ աշխատանքները, իհարկե պետք է տարվեն, դրանում երկրորդ կարծիք չի կարող լինել։ Դա պետք է արվի, որպեսզի գործընթացը հասնի իր տրամաբանական ավարտին։ Ես չեմ ուզում մեկնաբանել, թե իշխանական ինչ պատգամավոր ինչ դիրքորոշում ունի, այդ խոսակցությունները մասնավոր են, և դրանք մեկնաբանելու կարիքը չեմ տեսնում։

Մանրամասն՝ տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ