![]()
«Մեր ընդդիմադիր գործընկերները քաղաքական օրակարգ չունենալու պարագայում գտել են լրագրողական խմբերով օրակարգ ձևավորելու ձևաչափ: Այդ դեպքում, երբ ինձ մեղադրում եք, մեղադրե՛ք հստակ՝ ի՞նչ եմ ես ասել, և դուք ի՞նչ եք հասկացել»:
Այդ մասին Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների կողմից իր վարքագծի վերաբերյալ պատգամավորական էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին ներկայացրած նախագծին։
Նա հայտարարեց՝ որևէ վիրավորական բան չի ասել, խոսել է խոսքի մաքրության մասին, և նույնիսկ մեջ է բերել սաղմոս, որպեսզի ավելի ընկալելի լինի իր խոսքը:
Քոչարյանը նախ ներկայացրեց այն, ինչ տեղի էր ունեցել միջադեպի օրը.
«Ես որևէ վիրավորական բան չեմ ասել, ես ասել եմ խոսքի մաքրության մասին։ Կրկնել եմ հայտնի հոգևորականի բառերը։ Ճեպազրույցի ժամանակ Հռիփսիմե Ջեբեջյանը մոտեցավ և փորձեց ձախ կողմից ներխուժել այդ աշխատանքի մեջ, որը ես թույլ չտվեցի: Ասացի՝ գնա՛, կանգնի՛ր այնտեղ, որտեղ մարդիկ ժամանակից շուտ կանգնել են, և մենք սկսել ենք մեր ճեպազրույցը:
Դուք չեք կարող ասել, որ ես բաց չեմ եղել ընդդիմադիր լրատվամիջոցների նկատմամբ: Գուցե ամենաշատ հարցազրույց տված և ճեպազրույց տված պատգամավորներից մեկն եմ: Կարող եք մոնիտորինգ անել: Հիմա ասել, որ ես լրագրողներին ճնշել եմ, բա ճնշվածներն ինչո՞ւ են մյուս օրը գալիս, ինձանից հարցազրույց վերցնում: Թող ճնշված մնային: Բոյկոտեի՛ք, ինչո՞ւ չեք անում: Ուզում եմ ասել՝ արդարացի պետք է լինեք: Սա առիթ էր, որպեսզի 1,5 ժամը օրակարգ չլինելու պարագայում դարձնենք օրակարգ»։
Հիշեցնենք՝ մարտի 20-ին ԱԺ-ում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ Անդրանիկ Քոչարյանը լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանին հորդորել էր «շրթունքները մաքրել»:
![]()