![]()
Խորհրդարանը քննարկում է ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացրած պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքագծի վերաբերյալ պատգամավորական էթիկայի հարցերով հանձնաժողով ստեղծելու մասին ԱԺ որոշման նախագիծը:
Հիմնական զեկուցող, պատգամավոր Թագուհի Թովմասյանի խոսքով՝ նպատակն է, որ պատգամավորի վարքը դառնա քննության առարկա ժամանակավոր հանձնաժողովի շրջանակում. հիմնավորումն առաջացել է 2025-ի մարտի 20-ին խորհրդարանի միջանցքում պատգամավորի վարքը քննելու համար: Նրա խոսքով՝ պատգամավորը լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի նկատմամբ ցուցաբերել է ակնհայտ անհարգալից վերաբերմունք:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը Թովմասյանին հիշեցրեց ընդդիմադիր պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնականի դեպքը, որը լրագրողի էր հարվածել խորհրդարանի շենքում, հարցրեց՝ արդյոք նա դիմե՞լ է իր գործընկերներին այդ հարցով, արդյո՞ք այդ օգնականը պետք է շարունակի աշխատել ԱԺ-ում, ինչին ի պատասխան՝ Թովմասյանը նշեց՝ իր գնահատականը տվել է այդ օրերին, և Լևոն Քոչարյանի օգնականի վերաբերյալ հարցը վերաբերելի չէ ներկայումս քննվող հարցի համատեքստում:
«Ընդունում եմ կարգավիճակների տարբերությունը, բայց պատգամավորի օգնականը լրագրողի է ծեծել, ու դրա հետ կապված ոչ մեկդ ոչինչ չի ասել, ոչ մի խմբակցություն հայտարարություն չի տարածել, էթիկայի հանձնաժողով չեք ստեղծել, մեջբերում եք Անդրանիկ Քոչարյանի ասածը, նույնական՝ դուք լրագրող չեք, ես պատասխանում եմ լրագրողների հարցերին, արտահայտություններ արել են «Հայաստան» խմբակցության պատգամավորները, եթե չեմ սխալվում, Գեղամ Մանուկյանը կամ Աղվան Վարդանյանը՝ ի պատասխան civik.am-ի լրագրողի հարցերին: Ինչո՞ւ էթիկայի հանձնաժողով չեք ստեղծել»,- ասաց Ալեքսանյանը:
Թովմասյանը հակադարձեց՝ դիմելով դահլիճում նստած «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներին, ինչին միջամտեց ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը՝ նրան հորդորելով հարգալից արտահայտվել, որակումներ ու վիրավորանքներ թույլ չտալ ՔՊ խմբակցության պատգամավորների հասցեին:
Արշակյանը կոչ արեց անջատել Թովմասյանի խոսափողը։
Հիշեցնենք՝ մարտի 20-ին ԱԺ-ում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ Անդրանիկ Քոչարյանը լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանին հորդորել էր «շրթունքները մաքրել»:
![]()