![]()
«Ու՞մ գողանան, ինչի՞ համար գողանան, գողանան ի՞նչ անեն: Ոչ մեկը ոչ մեկին չի գողանում, ես այդ մարդուն չեմ ճանաչում, ՔՊ-ն որևիցե կապ չունի և ասեմ ավելին՝ ցանկություն էլ չունի որևիցե կապ ունենալու, գյումրեցին իր ընտրությունը կատարել է, մենք գյումրեցուն թողնում ենք իր ընտրության հետ, տեր ենք կանգնում մեր ձայներին»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք ՔՊ-ն կապ ունի Գյումրիում Մարտուն Գրիգորյանի ղեկավարած «Մեր քաղաքը» դաշինքի ավագանու անդամ Կարեն Բադալյանի խմբակցությունից դուրս գալու և ավագանու անկախ անդամ դառնալու նպատակի հետ և արդյոք սա ավագանու անդամի գողություն չէ։
Հարցին, արդյոք ՔՊ-ն ուզում է գնալ իշխանափոխությության և խնդիրներ առաջացնել ընդդիմության շարքերում՝ նա պատասխանեց. «Իսկ մինչ այդ խնդիր չկար ավագանիում, հիմա կա՞: Իշխանափոխություն անելու համար պետք է այդ մի հոգուն գողանալ, որ իշխանափոխություն լինի՞, լուրջ: Մի հոգի որոշել է իր մանդատը դնի, հետո որոշել է հետ վերցնի, ըհը՛: Այստեղ պատգամավորներ կան «Հայաստան» դաշինքից, որ դուրս են եկել խմբակցությունից, պատգամավորներ կան, որ ՔՊ-ից են դուրս եկել, ինչ հիմա ինչ-որ մեկը փորձում է Աղազարյանին, Ասլանյանին, և Գեղամ Նազարյանին մեկը մյուսից գողանա՞լ: Կան պատգամավորներ, որ ՔՊ-ով դարձան քաղաքական գործիչ, հիմա «Հայաստան » դաշինքում են, բոլոր տեղերում նման բան կա, հասկանում են, որ դրա շուրջ ուզում են քաղաքական բան եռացնել»:
«Հիմա, որ գալիս են այստեղ նամակներ են բաժանում վարչապետի իմպիչմենթ անելու համար, փորձում են ինչ-որ մեկին գողանա՞լ»,- նշեց ԱԺ նախագահը:
![]()