![]()
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը գործակարգավարական խորհրդակցության ժամանակ անդրադարձավ օրեր առաջ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպին։
«Բռնության որևէ ձև՝ լինի դա ֆիզիկական, թե խոսքով, սադրանքով, մեզ համար անընդունելի է․ Երևանի քաղաքապետարանի յուրաքանչյուր աշխատակից, մասնավորապես՝ վարչական շրջանի ղեկավարները, ովքեր Երևանի քաղաքապետի ներկայացուցիչներն են տվյալ վարչական շրջանում, պարտավոր են ցուցաբերել զսպվածություն կյանքի բոլոր պարագաներում։ Սադրանքները միշտ կան, ամենուրեք են և միշտ կլինեն, անընդհատ որևէ մեկը որևէ թեմայով մի սուտ կասի, այն, վստահաբար, կարող ենք որպես սադրանք ընդունել։ Ես դատավորի դեր չեմ ստանձնելու, կա քրեական գործ, որի էությունը ցույց է տալիս, որ կա, այնուամենայնիվ, երկրորդ կողմ՝ խուլիգանության հոդվածով՝ անձինք, ովքեր ներգրավված են և վարույթ է իրականացվում»,- նշել է նա:
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը այնուհետ անդրադարձել է նշված միջադեպին։
«Տեսարանը ոչ հաճելիներից էր, կարծում եմ՝ որպես վարչական շրջանի ղեկավար՝ չպետք է տրվեի սադրանքին, պետք է առավելագույնս պահպանեի զսպվածություն։ Ցավում եմ տեղի ունեցածի համար, ձեզնից և հանրությունից ևս մեկ անգամ ներողամտություն եմ հայցում, դրանից հետո ինքս եկել եմ բազմաթիվ եզրահանգումների»,- նշել է նա:
Ավինյանն ընդգծել է, որ կարևոր է հաստատել թիմի վարքականոնը։
Քաղաքապետը դիմել է նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանին՝ անդրադառնալով նրա՝ Տիգրան Տեր-Մարգարյանին սատարող հայտարարությանը։
«Երևանի քաղաքապետարանը կուսակցական կառույց չի, այո, ունի կուսակցականներ, ովքեր ելնում են կուսակցական գաղափարախոսությունից, բայց ուզում եմ կրկին բոլորիդ հիշեցնել՝ բոլորդ Երևանի քաղաքապետի ներկայացուցիչներն եք ձեր վարչական շրջաններում։ Համապատասխանաբար, պետք է խնդրեմ և պահանջեմ՝ ձեր հայտարարություններում առաջին հերթին ելնեք դրանցից։ Կուսակցական կարող եք լինել երկար ժամանակ․ ձեր այսօրվա պաշտոնը ծառայություն է Երևան քաղաքին։ Ձեր ծառայությունը պետք է լինի գերակա, հետևաբար ձեր հայտարարություններում պահանջում եմ մաքսիմալ զգուշություն։ Ձեր հայտարարությունը սխալ հայտարարություն էր։ Երևանի քաղաքապետը չի կարող զուտ կուսակցական տրամաբանությունից ելնի, գործընկերային կամ՝ մեկին սիրում է, մեկին՝ ոչ։ Տարբեր պատճառներով մեկը կարող է դուրս գալ աշխատանքից, այլ մեկն՝ ընդունվել»,-նշել է քաղաքապետը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը թաղապետարանի աշխատակիցների հետ ծեծի է ենթարկել իրենց հասցեին ավելի վաղ հայհոյանքներ հնչեցրած ակտիվիստ Արթուր Չախոյանին:
Երևանի քաղաքապետարանից մեկնաբանել էին Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանի և ակտիվիստ Արթուր Չախոյանի միջև թաղապետարանում տեղի ունեցած միջադեպը:
Ծեծկռտուքի հետևանքով միջադեպից հետո ձերբակալվել է վեց անձ։
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանին և բլոգեր, ակտիվիստ Արթուր Չախոյանին մեղադրանքներ են առաջադրվել:
![]()