Թրամփը հրապարակել է իր լուսանկարը՝ որպես Հռոմի պապ. կաթոլիկներին դա դուր չի եկել

Որոշ կաթոլիկներ քննադատել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին իր Truth Social սոցիալական ցանցում արված գրառման համար, որտեղ Սպիտակ տան ղեկավարը հանդես է գալիս որպես Հռոմի պապ։

Թրամփը մայիսի 3-ին հրապարակել է արհեստական ինտելեկտի միջոցով ստեղծված պատկերը, և այդ գրառումը տարածվել է նաև Սպիտակ տան պաշտոնական «X» միկրոբլոգում և սոցիալական մեդիայի այլ հարթակներում:

Լուսանկարում Թրամփը պապական սպիտակ գլխարկով ու միտրայով է, կրծքին՝ մեծ խաչ և բարձրացրել է ցուցամատը։

Գրառումը քննադատությունների տարափ է առաջացրել, քանի որ այն հրապարակվել է այն ժամանակ, երբ ամբողջ աշխարհի կաթոլիկները սգում են Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մահը և պատրաստվում հաջորդ պոնտիֆիկոսի ընտրությանը:

Թրամփն ավելի վաղ կատակել էր այդ թեմայով՝ լրագրողներին ասելով, որ «կցանկանայի ինքը լինել Հռոմի պապը»։

Թրամփի հրապարակմանը արձագանքել է Նյու Յորքի կաթոլիկ համաժողովը, որում ընդգրկված են այդ նահանգի եպիսկոպոսները։

«Այս լուսանկարում ոչ մի ծիծաղելի բան չկա, պարոն նախագահ:

Մենք նոր ենք թաղել մեր սիրելի Հռոմի պապ Ֆրանցիսկոսին, և կարդինալները շուտով կսկսեն հանդիսավոր կոնկլավը Սուրբ Պետրոսի նոր իրավահաջորդին ընտրելու համար: Մեզ ծաղրելու կարիք չկա»,- ասվում է կազմակերպության հայտարարության մեջ։

Թրամփի գրառումը քննադատել է նաև Իտալիայի նախկին վարչապետ և ձախ սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Մատեո Ռենցին։

«Այս պատկերը վիրավորում է հավատացյալների զգացմունքները, վիրավորում է հաստատությունները և ցույց է տալիս, որ աջակողմյան քաղաքականության աշխարհի առաջնորդը հաճույք է ստանում ծաղրուծանակից»,- իտալերեն գրել է Ռենցին համացանցում։

Սոցցանցերում ևս Թրամփի գրառումը բուռն քննարկումների տեղիք է տվել: Շատ օգտատերերի պատկերը վիրավորական է թվացել, իսկ նրանցից ոմանց՝ դուր է եկել կատակը:

Բանավեճին միացել է նաև ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը (նա կաթոլիկ է)։ Լրագրող Բիլ Քրիստոլի հարցին, թե ինչպես է նա վերաբերվում «Սրբազան Հոր հանդեպ անհարգալից վերաբերմունքին և ծաղրանքին», Վենսը գրել է. «Որպես կանոն, ես դեմ չեմ, որ մարդիկ կատակներ անեն: Բայց ես դեմ եմ նրանց, ովքեր հիմար պատերազմներ են սկսում և սպանում են իմ հազարավոր հայրենակիցներին»:

Վատիկանի խոսնակ Մատեո Բրունին հրաժարվել է մեկնաբանել Թրամփի գրառումը, երբ շաբաթ օրը մամուլի ասուլիսի ժամանակ հարցրել են այդ մասին։

Սպիտակ տունը հերքել է այն պնդումները, թե նախագահը ծաղրել է կաթոլիկ եկեղեցու ղեկավարի ինստիտուտը։

«Նախագահ Թրամփը թռավ Իտալիա՝ իր հարգանքի տուրքը մատուցելու Հռոմի պապ Ֆրանցիսկոսին և մասնակցելու նրա հուղարկավորությանը: Նա միշտ եղել է կաթոլիկների և կրոնական ազատության հավատարիմ ջատագովը», — ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը:

Նշենք՝ չորեքշաբթի օրը՝ մայիսի 7-ին, Վատիկանում կսկսվի նոր պոնտիֆիկոս ընտրելու կոնկլավը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ