![]()
1993 թվականի դեկտեմբերի 20-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը հատուկ բանաձևով մայիսի 3-ը հռչակել է Մամուլի ազատության միջազգային օր:
Որոշումը կայացվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի ընթացքում, որը 1991-ի «Աշխարհում մամուլի ազատության խթանման մասին» որոշմամբ ճանաչեց, որ ազատ, բազմակարծիք և անկախ մամուլը դեմոկրատական հասարակության անհրաժեշտ բաղադրիչներից է:
Մամուլի ազատության համաշխարհային օրը կոչված է հիշեցնելու միջազգային հանրությանն այն մասին, որ մամուլի և կարծիք արտահայտելու ազատությունը հիմնարար ազատություններ են, որոնք ամրագրված են Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում:
ՀՀ-ում խոսքի և մամուլի ազատությունն ամրագրված է ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածով. «Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Արգելվում է մարդուն հարկադրել հրաժարվելու իր կարծիքից կամ փոխելու այն: Յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք, ներառյալ՝ տեղեկություններ և գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը՝ տեղեկատվության ցանկացած միջոցով՝ անկախ պետական սահմաններից:
Մամուլի և տեղեկատվության մյուս միջոցների ազատությունը երաշխավորվում է: Տեղեկատվության միջոցների գործունեության և պատասխանատվության կարգը սահմանվում է օրենքով»։
Մամուլի ազատության համաշխարհային ինդեքսում Հայաստանը շատ բարձր՝ 34-րդ տեղում է:
«Լրագրողներ առանց սահմանների» (RSF) կազմակերպությունը հրապարակել է 2025 թվականի Մամուլի ազատության համաշխարհային ինդեքսը, որում Հայաստանը 9 տեղով բարելավել է նախորդ տարվա ցուցանիշը։
180 երկրների շարքում Հայաստանը զբաղեցրել է 34-րդ հորիզոնականը։ 2024 թվականին Հայաստանը 71,6 միավորով զբաղեցրել էր 43-րդ հորիզոնականը, իսկ 2023-ին 70,61 միավորով 49-րդ տեղում էր։
Հայաստանը տարածաշրջանում առաջատարն է մամուլի ազատության առումով։ Վրաստանը նախորդ տարվա համեմատ նահանջել է 11 հորիզոնականով և զբաղեցնում է 114-րդ տեղը, Ադրբեջանը 167-րդ տեղում է, Թուրքիան 159-րդն է, Իրանը՝ 176-րդ, ՌԴ-ն նախորդ տարվա համեմատ նահանջել է 9 տեղով և այժմ 171-րդն է:
![]()