![]()
Քաղաքագետ Էդգար Առաքելյանի կարծիքով՝ ակնհայտ է, որ ընդդիմադիր դաշտի տարբեր խմբերի միջև կան հստակ հակասություններ: «Նույնիսկ երբ իրենք հայտարարում են Նիկոլ Փաշինյանին հեռացնելու քաղաքական կուրսի մասին՝ այստեղ էլ կան տարաձայնություններ։ Մի թևն ասում է՝ իմպիչմենտի միջոցով, մյուսը նշում է, որ դա հնարավոր չէ։ Հենց «Հայաստան» խմբակցության հայտարարության տեքստի սկզբում ասվում է, որ դա ժողովրդական պահանջ է, բայց վերջում ընդգծվում է՝ ժողովրդական զանգվածներ չեն կարող հավաքել, որ իմպիչմենտի գործընթաց լինի։ Շատ կարևոր ինքնախոստովանություն է՝ իրենք չունեն աջակցություն ժողովրդական որևէ նախաձեռնություն գեներացնելու ու առաջ տանելու համար»,- Civic.am-ի հետ զրույցում ասաց նա։
Մեր զրուցակիցը նաև հիշատակեց Ռոբերտ Քոչարյանի վերջին հայտարարությունները, որոնք, ըստ նրա, ցուցմունք էին Հայաստանի Հանրապետության դեմ. «Նա Հայաստանին մեղադրում է շատ ծանր հանցագործության՝ հարևան պետության դեմ պատերազմ սկսելու մեջ, որը, ես կարծում եմ, դավաճանությանը հավասարազոր քայլ է։ Պետք չէ զարմանալ, որ Քոչարյանն ու տարբեր խմբակներ նման հայտարարություններ են անում, քանի որ իրենց համար երբեք ՀՀ պետական շահը չի եղել կենտրոնում։ Կոնկրետ Ռոբերտ Քոչարյանի համար ամենակարևորը ՌԴ շահն է, առավել ևս՝ երբ այդ մարդը երկար տարիներ ՌԴ պետական կորպորացիայի աշխատակից է եղել, փաստացի հանդիսանում է Ռուսաստանի լոբբիստը Հայաստանի Հանրապետությունում»,- ասաց Առաքելյանը։
Քաղաքագետը նշեց՝ հիշյալ ուժերը հինգերորդ շարասյան ներկայացուցիչներ են. «Իրենց լրատվամիջոցներով հայտարարում են՝ մեր տերը, կուրատորը փոխվել է։ Բայց Հայաստանի միակ կուրատորը հայ ժողովուրդն ու ՀՀ քաղաքացիներն են։ Ժողովրդի կուրացիայի ներքո կլինի այնպիսի քաղաքական իշխանություն, ինչպիսին ժողովուրդը ցանկանում է։ Իսկ իրենք կարող են հեռանալ, զբաղվել իրենց բիզնեսներով»։
Նա ընդգծեց՝ կուրատորները որքան էլ այլ անձանցով հանդես գան, հաջողության չեն հասնի: «Նրանք սովոր են հաշվի չառնել հանրության կարծիքը, իսկ դա իրենց ամենամեծ ու ճակատագրական սխալն է»,- եզրափակեց Էդգար Առաքելյանը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում
![]()