Մոսկվայից ճնշումները կոշտ կլինեն․ Հայաստանը պետք է արդյունավետ հակազդի

Քաղաքական վերլուծաբան Բորիս Նավասարդյանը Civic.am-ի հետ զրույցում անդրադառնալով ռուսական մամուլի այն հրապարակումներին, որ ՌԴ-ն Հայաստանում քարոզչությունը համակարգելու նպատակով նոր կուրատոր է նշանակում ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Կիրիենկոյին, ասաց. «Նախևառաջ պետք է արձանագրենք, որ Կիրիենկոն սովորաբար զբաղվում է Ռուսաստանի ներքին հարցերով՝ ընտրություններ, կուսակցությունների հետ աշխատանք… չէի ասի, որ իրեն այդ գործը հանձնարարել են, քանի որ ինքը մեծ մասնագետ է Ռուսաստանի մերձավոր հարևանության կամ արտաքին քաղաքականության։ Միևնույն ժամանակ՝ նա ունի լավ մենեջերի համբավ, և ենթադրաբար բովանդակային առումով մենք նոր բան չենք տեսնի։ Այսինքն՝ տեղեկատվական դաշտի հիմնական խաղացողները կշարունակեն աշխատել Կիրիենկոյի հետ, և ինքն էլ կհամակարգի այդ աշխատանքը»:

Նավասարդյանը նկատեց՝ աշխատանքը կկենտրոնանա ոչ այնքան ռուսամետ ուժերին խորհրդարան մտցնլու վրա, որքան ճնշում կգործադրվի ամբողջ քաղաքական դաշտի՝ այդ թվում իշխող քաղաքական ուժի վրա, որպեսզի Ռուսաստանի համար ավելի նպաստավոր քաղաքականություն իրականացվի և՛ երկրի ներսում, և՛ արտաքին քաղաքականության հարցում. «Ռուսաստանը հիմնականում կոշտ մեթոդներով է գործում, դրա ականատեսն ենք եղել նաև նախկինում։ Բնականաբար, Ռուսաստանում կա որոշակի անհանգստություն, որ ՀՀ խորհրդարանն ընդունել է օրենք Եվրամիության անդամակցության գործընթացի վերաբերյալ։ Մենք լսել ենք ռուսաստանյան տարբեր պաշտոնյաների հայտարարություններ, որ անհամատեղելի է այդ գործընթացը ԵԱՏՄ անդամակցության հետ։ Ինչ-որ տեղ դա օբյեկտիվ է, քանի որ իսկապես այդպես է, Հայաստանում ևս պետք է լավ պատկերացնեն, որ եթե շարժը դեպի Եվրամիություն քաղաքական առաջնահերթություն է, պետք է զուգահեռաբար լինի ռազմավարություն՝ կապված այն բանի հետ, թե ինչպես է Հայաստանը նվազեցնելու իր կապերը ԵԱՏՄ շրջանակներում»։

Ըստ նրա՝ ՌԴ մտահոգությունները դրսևորվելու են ՀՀ քաղաքական դաշտի ու իշխանությունների նկատմամբ տարբեր ճնշումների միջոցով. «Նախընտրական պայքարը ՌԴ-ին տալիս է լրացուցիչ հնարավորություն, քանի որ բոլոր արտաքին ու ներքին հարցերը նախընտրական քարոզչության ընթացքում սրվում են, իսկ այդ փուլը մեզ մոտ վաղուց սկսվել է»:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ