Ես չեմ համարում, որ կոռուպցիոն սկանդալում եմ հայտնվել, ինչ-որ մեկը գովազդվում է իմ հաշվին. Ֆինանսների նախարար

«Չեմ համարում, որ ես կոռուպցիոն սկանդալում եմ հայտնվել, որովհետև ինչ-որ մեկը որոշել է ինքը իրեն գովազդի իմ ինչ-որ մի բանի հաշվին»:

Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:

«Հիմա, եթե ինչ-որ մեկը ձեզ մեղադրի ինչ-որ մի անհեթեթ բանի համար, դա հո չի՞ նշանակում, որ դուք հայտնվել եք այդ սկանդալի մեջ: Եթե դատարանը կուսումնասիրի, կամ համապատասխան մարմինները կուսումնասիրեն և կհամարեն, որ այդտեղ խնդիր կա, ապա, բնականաբար, կպատասխանենք, կներկայացնենք բոլոր հիմնավորումները, և համապատասխան գործողություններ կհետևեն դրան, եթե պարզվի, որ ես կոռուպցիայի մեջ եմ ներգրավված: Ուղղակի հասարակ տրամաբանությունը հուշում է՝ քանի որ ամբողջ պատմությունը տեղի է ունեցել իմ պաշտոնավարումից առաջ, երբ ես ընդհանրապես չէի պլանավորում որևէ պետական պաշտոն զբաղեցնել, հետևաբար սա ուղղակի մի քիչ զարմանալի էլ է ինձ համար»,- ասել է նախարարը:

Նշենք՝ այս մասին Հովհաննիսյանը խոսել է՝ անդրադառնալով հարցին՝ մի խումբ փաստաբանների հայտարարել են, որ նախարարի նկատմամբ հնարավոր է քրեական վարույթ հարուցվի՝ մասնավորապես զրո տոկոսով վարկ ստանալու, քեռու անունով շինություն գրանցելու հետ կապված, ինչը դիտարկվում է որպես կոռուպցիոն գործարք:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ