![]()
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է.
Ֆեյսբուքը մասնագիտական գործիք համարողների համար ամենահետաքրքիր բաներից մեկը մշտադիտարկումն է, դիսկուրսների անալիզ անելը։
Երեկ փորձ արվեց Նոր Նորքի վարչական շրջանի կենտրոնում տեղի ունեցած տհաճ ու մերժելի ծեծկռտուքի կապակցությամբ կայծակնային դատավճիռ արձակել՝ Արթուր Չախոյանին ներկայացնել անմեղ զոհ, վարչական շրջանի ղեկավարին՝ բացառապես դահիճ։ Չստացվեց, որովհետև չկարողացան տեղի ունեցածը տեղավորել քաղաքացիական ակտիվիզմի տակ, քանի որ Արթուր Չախոյանն ինքն էր ամեն ինչ վաղուց ու նախօրեին տեղափոխել քուչի տղայական դաշտ․․․ Ու նաև՝ ուղիղ եթերում առանց կանոնների մարտերը դիտածները տեսան, թե ինչպես սկսվեց ամեն ինչ, ու բռնությունը արաձանագրվեց ոչ թե նրա համար, որ հայտնաբերվել էր մանկապարտեզի վերանորոգման անվան տակ կոռուպցիա, այլ որ մինչև դուելը հայտարարվել էր, որ հանդիպման նպատակը «տղավարի փչացնելն է կամերաների առաջ»։
Այսօր հաղորդագրություն տարածվեց, որ չորս անձի մեղադրանք է հարուցվել, որոնցից մեկը վարչական շրջանի ղեկավարն է, մյուսը՝ Արթուր Չախոյանը։ Մյուս երկուսը, հավանաբար, թաղապետարանում գտնված մյուս երկու անձինքն են, որոնք մասնակցություն էին ունեցել։ Այո։ Հարցը պետք է տեղափոխվի բացառապես իրավական հարթություն, արարքներին տրվեն իրավական գնահատականներ, պարզվեն մեղավորներն ու պատասխանատվության չափերը, սահմանվեն պատիժները։ Սա է իրավական պետության անելիք։
Ու այդ խառը կռվում բացարձակ «ճիշտ» և «արդար» կողմեր չկան։ Այդ կատեգորիաները անգամ բարդ է կիրառել արաքը տղայական հարթության վրա դիտարկելու պարագայում, ինչը և անում է հասարակությունը երեկվանից սկսած։ Իրավական տեսանկյունից պետք է պարզվի յուրաքանչյուր պատասխանատվության բաժինը՝ սադրանք հրահրելուց մինչև սադրանքին տրվելը․․․
Այսօր հանրային դիսկուրսը փորձ արվեց այլ դաշտում զարգացնել, քանի որ Արթուրի համար «բացարձակ անմեղության» ֆելշմոբին հավատացողներ չեղան։ Այսօր էլ պնդում են, թե բա՝ «տղամարդկային չէ 10-ով մեկին ծեծելը»։ Տիկնայք և պարոնայք արդարամիտներ, ոչ միայն չի կարելի 10-ով մեկին ծեծելը, այլ չի կարելի, որ մեկը ծեծի մեկին։ Երկրի սահմանադրությունից մինչև օրենքներ արգելում են ծեծը, բռնությունը, ինչպես և մարդու կյանքը, արժանապատվությունն են համարում անօտարելի, պաշտպանվող բնական իրավունք։ Ուստի, մի տառապեք։ Ինչպես որ վարչական շրջանի ղեկավարը չպետք է տրվեր սադրանքին, հույզերին, թաղապետարանի բնականոն աշխատանքը խաթարելու ու իր արժանապատվությանը հասցված հարվածի համար հրավիրեր ոստիկանություն, թևերն ոլորել տար, և ապա հանրության համար կազմակերպեր հանրային լսումներ ու տար հանրությանը հուզող հարցերի պատասխանները, այնպես էլ որևէ արդարացում չի ունենալու հանրային ու բարոյական նորմերի ոտնահարումով ընտանիքատեր, ընկերներ ու հարևաններ ունեցող տղամարդու «դեմքին թափելու», «նրան իր աշխատավայրում տղավարի փչացնելու» հանրային վարքագիծը։ Ու ոչ էլ հանրության առողջ հատվածն է բռնությունը համարելու հարցերի լուծման եղանակ։
Այնպես որ՝ անհամբեր հետևեք հետաքննությանը։
![]()