Տերտերը՝ չէ, բայց տերտերի տերը պատասխանը կստանա. Ալեքսանյանի տան դիմաց սատկած մուկ են նետել, պաստառներ փակցրել

ԱԺ «Քաղաքացրիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է, որ իր թաղամասում իր նկարով պաստառներ են փակցրել, տան դռան առաջ սատկած մուկ նետել:

«Տերտերը՝ չէ, բայց տերտերի տերը իր պատասխանը կստանա. էդպես էլ չսովորեցիք, որ յուրայիններին ընկած չեն թողնում։

Քոչարյանին գրպանային տերտերի լպիրշ զանգվածը երեկ գիշեր փաստորեն շարունակել է լկտիության արշավը իմ բնակության հասցեում և հարակից տարածքներում։

1. Փակցրել են իմ նկարով պաստառներ հարակից շենքերի և խանութների բակերին, բայց թե ինչու՞ են իմ նկարների կողքին պահել իրենց տերտերին շատ հիշեցնող ֆիգուրը՝ լավ չեմ հասկանում։ Եթե տերտերը շատ է նեղվում ավելորդ քաշից և էն փաստից, որ միջինացված 100 կիլոգրամով ինձնից ավել է կշռում, թող դիմի՝ մարզման պլան կտամ, կմարզվի, գուցե գոնե դրանում հաջողի։

2. Տանս դռան առաջ սատկած մուկ են թողել. հաշվի առնելով թողնողներին՝ կարելի է ասել, որ իրենցից մեկին ընկած են թողել «քաղաքական թշնամու» ոտքերի տակ, ինչը թերևս զարմանալի չէ, բայց ամոթ է՝ իրար հետ ակցիայի էիք գնացել, գոնե էսպես ընկած չթողնեիք, չէ՞ որ նա ձեզնից մեկն էր։

Մնում է միայն արձանագրել, որ այս բոլոր հատված կարմիր գծերն այլևս իրականություն են ու դրանք հատողները տեր ունեն, որի անունը երեկ հենց իրենք են տվել ու տիրոջը ես ոչ մի լավ բան խոստանալ չեմ կարող»,- գրել է Ալեքսանյանը:

Հիշեցնենք՝ «Սրբազան պայքար»-ի ներկայացուցիչները փողոցում ընդհարում են ունեցել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի տարեց մոր հետ:

«Վարչական շրջաններից մեկում, որտեղ ես եմ բնակվում, մայրս է բնակվում, ակցիա են անում Քոչարյանի հերթական ձեռնասուն իբր պայքարի ներկայացուցիչները և պատահմամբ հանդիպում են խանութից վերադարձող 70-ն անց մորս՝ հաշմանդամություն ունեցող մի կնոջ, ու թևից քաշելով՝ ստիպում են, որ ստորագրի վարչապետին անվստահություն հայտնելու հերթական զառանցանքի տակ: Մայրս փորձում է շատ գրագետ բացատրել, թե ինչու է նրանց արածը հիմարություն:

Ինչ-որ պահից հասկանում են, որ իմ մայրն է, և 6-7 հոգի շրջափակում է, սկսում ինչ-որ ձայներ հանել, վիրավորել ինձ մորս մոտ, հունից հանել նրան, նկարահանել ինչ-որ սկանդալ ստանալու համար»,- պատմել էր Ալեքսանյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ