![]()
«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Անահիտ Ադամյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՀՀ քաղաքական դաշտի վերջին օրերի իրադարձություններին և կուսակցության շուրջ աղմուկին:
«Չեմ կարող չհարցնել՝ ինչո՞ւ է ոմանց թվում, որ ժողովրդավարությունը մանանա է ու համադարման, որ տալիս է բոլոր հարցերի պատասխանը: Եվ հնարավոր չէ՞ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ եզրակացնել, որ ժողովրդավարությունը պետք է պաշտպանված լինի: Հնարավոր չէ՞ համադրել փաստերը՝ եզրակացնելու.
Որ 2026-ի ընտրությունների գլխավոր նպատակը լինելու է Հայաստանում ժողովրդավարական ընտրություններով ՌԴ դրածոյին իշխանության բերելը: Նպատակ, որ փառահեղ ձախողվեց 2020-ից առայսօր, նպատակ, որ Կրեմլի համար սակրալ է, որովհետև որևէ ժողովրդավարություն ՌԴ-ի համար մահացու վտանգ է, որովհետև ՌԴ-ն Հայաստանն ուզում է տեսնել Բելառուսի կարգավիճակով:
Որ հեղաշրջման պիլոտային ծրագիրն առաջին անգամ փորձարկվեց Երևանի ավագանու ընտրություններում ու ձախողվեց, որովհետև «Հանրապետությունը» թույլ չտվեց Կրեմլի վկաներին Հայաստանի ռուսաֆիկացումը սկսել Երևանից, երկրորդ փորձը Գյումրիում էր՝ հաջողված փորձը, բնավ էլ ոչ պատահաբար Կոմունիստական կուսակցության /միայն անվանական գոյություն ունեցող/անվան տակ: Հեղաշրջման պիլոտային ծրագրի երրորդ ու վճռորոշ փորձը՝ արդեն համապետական կտրվածքով, ձեռնարկվելու է 2026-ին:
Տարատեսակ բլոգերների, «հասարակական ակտիվիստների» անվան տակ են հանդես գալիս պետությունը ներսից քանդելու հրահանգ ստացածները, որովհետև այդ նպատակով գործող կուսակցությունները ձախողվել են: Իզուր չեն Կրեմլում որոշել Հայաստանի հետ հարաբերությունների համակարգողին փոխել՝ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ՝ Դմիտրի Կոզակին փոխարինել է նախկին վարչապետ Սերգեյ Կիրիենկոն։ Իմա՝ Կոզակն ու նրա հայաստանյան «գործընկերները» անվավեր են ճանաչվել ձախողման համար, Կիրիենկոյին նշանակել են սադրանքներ կազմակերպելու նպատակով, որովհետև Կրեմլի գնահատականով՝ «Հայաստանի ղեկավարությունն ակտիվորեն շարժվում է դեպի Արևմուտք, որ Ռուսաստանի պետական քաղաքականության տեսանկյունից անընդունելի է» /«Վեդոմոստի»/:
Որ «Հանրապետությունը» դարձել է թիրախ, որովհետև պաշտպանել ու պաշտպանելու է ՀՀ ինքնիշխանությունն ու անկախությունը և խոչընդոտ է պետությունը ներսից ու դրսից կազմաքանդելու ճանապարհին:
Որ «Հանրապետությունը» պաշտպանել ու պաշտպանելու է միջին վիճակագրական հայի հիմնարար իրավունքները, այդ թվում՝ կյանքի իրավունքը, որի հիմքում ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ իրավունքն է: Ճիշտ այն իրավունքը, որ հաճույքով ու նվիրվածությամբ ոտնահարում են դոգիստները՝ սպառնալիքներով ու շանտաժով մտնելով պետական ծառայողների ընտանիքներ, վիրավորելով ու իրենց հասու ժանրով անվանարկելով նրանց: Եվ հիմա, երբ գլխավոր «դոգը» օվկիանոսից այն կողմ հարկադիր «անգործության» է մատնվել, ճիշտ նույն մարտավարությունը շարունակվում է այլոց դեմքով: Նպատակը նույնն է՝ զրպարտությամբ, սադրանքներով կազմալուծել պետական ծառայողների աշխատանքը, անձնական վիրավորանքներով, սպառնալիքներով, ինչու՞ ոչ, նաև ծեծկռտուքներ հրահրելով՝ նրանց դարձնել հասարակական պարսավանքի թեմա՝ իրենց ծառայության մեջ գտնվող կեղծ լրագրողների, իրականում՝ քարոզիչների աջակցությամբ: Միանշանակ սա այն դեպքը չէ, երբ կարող է շրջանառության մեջ դրվել ժողովրդավարության հետ հակադրության թեզը, որովհետև ժողովրդավարությունը չի սահմանում, որ քաղաքացիների մի մասը իրավունք ունի պետություն քանդել, մյուս մասը իրավունք չունի պաշտպանել պետությունը:
«Հանրապետությունը» հավատարիմ է իրական ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանությանը և համարժեք արձագանք է տալու բոլոր սադրանքներին: Մենք չենք արդարանում ու չենք մեղադրում, մենք ԲԱՑԱՏՐՈՒՄ ԵՆՔ, որ ժողովրդավարությունը ինքնին պաշտպանություն չէ, որ ժողովրդավարությունը պետք է պաշտպանել՝ անհրաժեշտության դեպքում նաև բռունցքներով, որովհետև մեզ համար ինքնիշխանությունը ԱՆՍԱԿԱՐԿ ԱՐԺԵՔ Է:
Հ.Գ. Մենք միայն Նոր Նորք վարչական շրջանում չենք, մենք ամենուր ենք, ցանկացած կոգնիտիվ, վիրտուալ, տեղեկատվական պատերազմ մեր դեմ՝ մեզ չի թուլացնելու՝ մենք եկվոր ու անցվոր չենք, մերը այս երկրի սիրտը պահելն է»,- գրել է Ադամյանը:
![]()