![]()
Արևմտյան երկրներն առաջիկա ութից տասն օրվա ընթացքում կուժեղացնեն Ռուսաստանի վրա ճնշումը՝ Ուկրաինայում մարտական գործողությունները դադարեցնելու նպատակով, Paris Match-ին տված հարցազրույցում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
Ֆրանսիայի նախագահը կարծում է, որ իրեն հաջողվել է Միացյալ Նահանգներին համոզել «Մոսկվայի դեմ սպառնալիքներն ուժգնացնելու և, հնարավոր է, պատժամիջոցներ կիրառելու անհրաժեշտության հարցում»։
Մակրոնը նշել է, որ Արևմտյան երկրների հնարավոր քայլերը քննարկվել են ապրիլի 26-ին՝ Վատիկանում Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորության օրը, ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկու, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ շփումների ընթացքում։
Մակրոնը հայտնել է, որ Թրամփին ասել է, որ «պետք է շատ ավելի կոշտ լինենք Ռուսաստանի հետ՝ Պուտինին հրադադար պարտադրելու համար»։
«Սխալ կլիներ ճնշում գործադրել միայն Ուկրաինայի վրա»,- հավելել է Մակրոնը։
![]()