ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է ընդդիմադիր շրջանակների կողմից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու համար ԱԺ-ում իմպիչմենտի գործընթաց սկսելուն:
«Ողջ մամուլն այսօր լցված էր պատգամավորներին ուղղված վարչապետի իմպիչմենտի գործընթաց սկսելու առաջարկ անող նամակների թեմայով։
Գիտե՞ն արդյոք այս նախաձեռնության հեղինակները, որ իմպիչմենտը ձախողելու է։ Միանշանակ՝ ԱՅՈ։ Քանի որ նախագծի ընդունման համար 107 պատգամավորից առնվազն 54-ը պետք է կողմ քվեարկի, իսկ ընդդիմադիր 2 խմբակցությունն ունի 34 պատգամավոր, այդ թվում՝ տևական ժամանակ անհետ կորած Մարտուն Գրիգորյանը։
Ուրեմն ինչո՞ւ են իրենց ընդդիմադիր դաշտում դիրքավորած խորհրդարանական 2 ֆրակցիաներին փաստի առաջ կանգնեցնում։
Բանն այն է, որ մեկ տարի հետո ընտրություններ են, սա ընդամենը քարոզչական արշավ է՝ ուղղված սեփական ներկայությունն ապահովելուն և առաջիկա ընտրություններին ընդդիմադիր դաշտում հավակնություն ցույց տալուն՝ դառնալու առաջին ընդդիմադիրը։
Ինչպես տեսնում եք սա իրենց կինոն է, մենք չմտնենք «մատի ու մատանու արանքը»։ Թող իրարից ձայներ խլեն, իրար մեջ պայքարեն՝ 2-րդ, 3-րդ, թե 10-րդ տեղը զբաղեցնելու համար։
Չստացված իմպիչմենտի գործընթացից հետո մեզ կմնա միայն «լակմուսի թղթի» էֆֆեկտով մի պարզ արձանագրում՝ Հայաստանում չկա վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու օրակարգ»,- գրել է Հակոբյանը: