Մեզ չի վիճակվել նորմալ ընդդիմություն ունենալ, նրանց գործողությունները նվեր են իշխանություններին. Մինասյան

 

«Իմպիչմենտի գործընթաց սկսելը նորություն չէ: Մշտապես բոլոր ակցիաների ժամանակ ընդդիմադիր ուժերը հայտարարել են, որ պետք է կոնսոլիդանան, պոկեն ՔՊ-ից պատգամավորների, որպեսզի կարողանան իմպիչմենտի գործընթաց սկսել:

Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանը՝ մեկնաբանելով ընդդիմադիր ուժերի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու համար ԱԺ-ում իմպիչմենտի գործընթաց սկսելու որոշումը:

Ըստ Մինասյանի՝ խնդիրը ոչ թե նրանում է, որ այդ ուժերը չեն կարողանում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից պատգամավոր «տանել», այլ նրանում, որ չեն կարողանում միասնական թեկնածու առաջադրել:

«Ընդդիմությունը միասնական չէ և ընդդիմության տարբեր ճյուղավորումներ այդ մասին նշում են: Կամ չեն կարողանում համընդհանուր թեկնածու առաջադրել, կամ՝ առաջարկում են այնպիսի մարդու, որ քաղաքացիների ավելի մեծ դժգոհության պատճառ է դառնում: Օրինակ՝ Վազգեն Մանուկյան էին առաջադրել, որն ավելի է վանում հանրությանը, քան ընդդիմության 2 պարագլուխները»,- նշել է Մինասյանը:

Ըստ նրա, նորմալ ընդդիմություն ունենալը Հայաստանում գրավականն է զարգացած պետություն ունենալու և իշխանությունների չլճանալու, բայց, ցավոք, չի վիճակվել նորմալ ընդդիմություն ունենալ:

«Ցանկացած ընդդիմության թե՛ շարժում կամ գործընթաց, թե՛ խամաճիկները, որ դուրս են գալիս, երբ օրերը տաքանում են, այդ գործընթացները միայն օգուտ են տալիս իշխանություններին: Այս տեսանկյունից նայելով, այո, այս ընդդիմությունը մեզ նվեր է»,- հավելել է Մինասյանը՝ նշելով, որ ցանկացած նոր մեկնարկած շարժման դեպքում ամենամեծ խնդիրը, որ առկա է, ատելության խոսքի մշտական գեներացումն է և ամենուր նույն քաղաքական ուժերն են, նույն հարցերը և նույն խոսույթը:

Նշենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու համար մեկնարկել է «Արթուն ենք» շարժում, որի անդամները՝ ընդդիմադիր ակտիվիստ, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանն ու «Վետօ» շարժման անդամ Նարեկ Մալյանը 107 նամակ են ուղարկել 107 պատգամավորի՝ իմպիչմենտին միանալու կոչով:

Մալյանը վստահեցրել է, թե իմպիչմենտի գործընթացով հետաքրքրված ՔՊ–ական պատգամավորներ կան։

64 դիտում , 1 դիտում այսօր

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ