Կային պաշտոնյաներ, որ գերի չպետք է ընկնեին․ Նաև ռուսների վրա են հույս դրել․ Անդրանիկ Քոչարյան

44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովը որակյալ զեկույց կունենա այս տարվա սեպտեմբերի 27-ին։ Ճշտելու բան այլևս չի մնացել։ Վերլուծությունները որ արվել են, այն ծավալը, որ կա՝ լիովին բավարար են։ 200 էջից ավելի է այդ փաստաթուղթը։ Զեկույցը կլինի փակ։ Այս մասին Civic.am-ի եթերում ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը՝ Անդրանիկ Քոչարյանը։

«Ինչ-որ բաներ, անշուշտ, կբացվեն հասարակության համար։ Հասկացել ենք, թե որտեղ են թերացել ու ինչ պետք է անեինք։ Մի շարք օրենքներ ենք ընդունել՝ բացերը փակելու համար։ Մեկ-մեկ որ ասում եմ՝ բանկա-բութուլկեքին փոխարինել են ամրոցները, ի՞նչ նկատի ունեմ։ Մեր իշխանության օրոք այնպիսի ծավալուն աշխատանքներ ենք արել, որ չեն կարող հետևանք չթողնել»,- ասաց Քոչարյանը։

Պատգամավորն ասաց, որ Սամվել Շահրամանյանը ևս հրավիրվել է քննիչ հանձնաժողով։ Նա պատասխանել է հարցին, թե ինչպես է ստացվել, որ որոշ պաշտոնյաներ, որոնք եղել են Ադրբեջանի փոխանցած ցուցակում և պետք է հանձնվեին Բաքվին, հաջողացրել են գալ Երևան, իսկ որոշները, որ չեն եղել ցուցակում, հայտնվել են Բաքվի բանտում։

«Ես միշտ ասել եմ՝ կան պաշտոնյաներ, որ գերի ընկնելու իրավունք չունեին։ Նայեք Բաքվի դատավարությունը և դրա հետևանքները, թե ինչ կարող է լինել Հայաստանի ու Արցախի, հատկապես Հայաստանի հեռանկարի համար։ Ցուցմունքներ է որ գրում են։ Պետք է տեղեկատվությունը փոխանցել քննչական մարմիններին, որպեսզի հասկանանք՝ ինչ պայմանավորվածությունների բերումով գերի ընկան»,- ասաց Քոչարյանը։

Նշեց նաև, որ տարբեր հույսեր են ունեցել՝ այդ թվում ռուսների վրա են այդ պաշտոնյաները հույս դրել։ Հակամարտող կողմին գերի ընկնելու իրավունք, ըստ Քոչարյանի, ռազմաքաղաքական ղեկավարությունից որևէ մեկը չունի։

«Իշխանափոխության քայլերը որ անում էիք, հաշվո՞ւմ էիք, որ քայլից հետո ինչ եք անելու։ Շահրամանյանը տեղյակ է եղել՝ ով, ոնց, ինչ պայմանավորվածություններ է ունեցել»,- ասաց պատգամավորը և հավելեց, որ պետք է ամեն ինչ ճիշտ ասել ու խոսել ժողովրդի հետ։ Չնայած թերացումներին՝ կան նաև ձեռքբերումներ։

Մանրամասն՝ տեսանյութում

513 դիտում , 1 դիտում այսօր

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ