2026-ին ընդառաջ՝ Մոսկվան ամեն ինչ կանի, որ Հայաստանն «անառակ որդու» նման իր գիրկը վերադառնա. Ղևոնդյան

Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանի կարծիքով՝ հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունները պարարտ հող են, որն արմատական ընդդիմությունը զերծ չի մնում օգտագործելուց. «Ընդամենը պետք է օգտագործել հասարակության հուզական ֆոնը, ինչն էլ այդ ուժերն անում են»։

Civic.am-ի հետ զրույցում Ղևոնդյանը մանիպուլյացիա համարեց նաև ՀՀԿ-ական պատգամավորի այն հայտարարությունը, որ եթե չլիներ 2018 թվականի իշխանափոխությունը, ապա արցախյան հարցը հայանպաստ լուծում կունենար: «Արցախի խնդիրը հայանպաստ լուծելու հնարավորությունը Հայաստանը կորցրել է 1994 թվականի մայիսի 12-ին, երբ առանց որևէ բան ստանալու Հայաստանը համաձայնեց զինադադար հայտարարել։ Դա առաջին նախագահի ռազմավարական սխալն է եղել, և այդ սխալի հետևանքները մենք կրում ենք մինչ այսօր։ Խոսել այն մասին, թե արցախյան խնդիրը հայանպաստ լուծելու հնարավորություն կար՝ ընդամենը մանիպուլյացիա է»,- ասաց նա։

Մեր զրուցակիցը նշեց, որ 2026 թվականի ընտրություններին ընդառաջ՝ Մոսկվան այստեղ կունենա իր հետաքրքրությունները. «Հայաստանը դեռևս Կրեմլում գտնվողների գլխում մնում է իրենց գաղութը։ 2018 թվականից հետո տեղի ունեցածներին նրանք վերաբերվում են որպես անառակ որդու գործողություններ, որը մի օր վերադառնալու է։ Այստեղ նույնիսկ գործակալներ ուղարկելու կարիք չկա, Հայաստանի ներսում գտնվողները կանեն իրենց ուզած աշխատանքը։ Իհարկե, Ռուսաստանն ամեն ինչ անելու է, որ Հայաստանն անառակ որդու նման վերադառնա իր գիրկը, և իրենք կարողանան Հայաստանի փոխարեն որոշումներ կայացնել, ինչպես դա արել են մինչև 2018 թվականը»։

Ռոբերտ Ղևոնդյանը չի բացառում նաև, որ կարող են որոշ գործիչներ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի «վոյաժները» կրկնել։

Միևնույն ժամանակ քաղաքագետը բավարար չի համարում Ռուսաստանից պոկվելու ուղղությամբ արվող ՀՀ իշխանությունների գործողությունները. «Ինչ-որ բաներ փոխվել են, բայց իհարկե ցանկալի կլիներ, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ չլիներ, այդ դեպքում մենք աշխարհին շատ ավելի ներկայանալի կլինեինք»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

196 դիտում , 1 դիտում այսօր

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ