Ինչպես հայտնել ենք՝ Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում ընթանում է Հռոմի Ֆրանցիսկոս պապի հոգեհանգստի արարողությունը։
Հուղարկավորության և հրաժեշտի համար հավաքվածների թվում կան ոչ միայն պետությունների ղեկավարներ, քահանաներ և միանձնուհիներ, այլև փախստականներ, անօթևաններ և նույնիսկ բանտարկյալներ։
Ինչպես գրում է BBC-ն, Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հաճախակի այցելություններ է կատարել Իտալիայի բանտեր, որտեղ ջերմ ընդունելության է արժանացել: Այդ պատճառով էլ հատուկ պայմանավորվածություններ են ձեռք բերվել որոշ բանտարկյալների՝ թաղմանը ներկա գտնվելու հնարավորություն տալու համար։
Հուղարկավորությանը եկել են նաև բազմաթիվ երիտասարդ կաթոլիկներ։
«Մենք վերցրեցինք գորգեր և քնապարկեր և քնեցինք այստեղ՝ 400 հոգի», — AFP-ին պատմել է 22-ամյա Ժան-Բատիստ Լե Կլեզիոն այն մասին, թե ինչպես են երիտասարդները փորձում լինել առաջիններից, որ հասել են հրապարակ:
Նմանատիպ պատմություն CNN-ին պատմել են հարավային Իտալիայի ուսանողները, ովքեր գիշերն անցկացրել են մոտակա եկեղեցում քնապարկերի մեջ: «Ես առանձնապես հավատացյալ չեմ, բայց նա թվում էր այնպիսի խոնարհ մարդ, ով օգնում էր աղքատներին և իրականում ապրում էր իր կաթոլիկ համոզմունքներով», — ասել է նրանցից մեկը հեռուստաընկերությանը:
Բազմաթիվ հավատացյալներ ներկայացել են ընտանիքներով, մանկահասակ երեխաների հետ գիշերվանից տեղ զբաղեցրել Սուրբ Պետրոսի հրապարակում, որը փակէ եղել և բացվել առավոտյան 6:00-ին միայն:
Ներածական ծեսերից հետո սկսվել է հանդիսության հիմնական մասը։
Այն ընդգրկում է Առաքյալների Գործքից հատված (կարդում է Vatican News-ի լրագրող Քիլզ Գուսին) և Պողոսի նամակը Փիլիպպեցիներին, ինչպես նաև Հովհաննեսի Ավետարանից մի հատված Հիսուսի՝ իր աշակերտներից մեկի՝ Պետրոսի հետ հանդիպման մասին:
Կարդինալ Ռեն քարոզ է արել և խոսել Ֆրանցիսկոսի կյանքի մասին, այդ թվում՝ ինչու է հանգուցյալ պոնտիֆիկոսն ընտրել իր անունը:
Վատիկանի գնահատականներով՝ առնվազն 200 հազար մարդ է եկել շաբաթ օրը Հռոմի պապին հրաժեշտ տալու, նրանցից մոտ 50.000-ը ներկայումս գտնվում են Սուրբ Պետրոսի հրապարակում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ արդեն Վատիկան են ժամանել 50 պետությունների պատվիրակություններ ու ղեկավարներ։
Նրանց թվում են թագավորական տասը անդամներ, ինչպես նաև ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, Բրազիլիայի, Ֆրանսիայի նախագահները և Հունգարիայի վարչապետը։
Հռոմ է ուղևորվել նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ժամանել են նաև ԱՄՆ նախկին նախագահ Ջոզեֆ Բայդենն ու կինը:
Ռուսաստանը ներկայացնում է մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովան, իսկ Ռուս ուղղափառ եկեղեցին ներկայացնում է Արտաքին եկեղեցական հարաբերությունների վարչության նախագահ, մետրոպոլիտ Էնթոնին։
Հայաստանից մեկնել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը:
Համաշխարհային առաջնորդները դասակարգվել են և կնստեն այբբենական կարգով՝ ըստ իրենց ներկայացրած երկրի անունի ֆրանսիական հնչողության:
Բացառություն են կազմում Արգենտինայի նախագահ (որտեղից ծագմամբ Ֆրանցիսկոս պապն է) Խավիեր Մայլին և Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին։ Նրանք նստել են առաջին շարքում։
Հռոմի Ֆրանցիսկոս պապի մարմինը ամփոփող դագաղը տեղափոխել են Սուրբ Պետրոսի հրապարակ։
321 դիտում , 2 դիտում այսօր