Գերագույն գլխավոր մերժված Սերժ Սարգսյանը չլինի՞ նոր ահաբեկչական ակտ է ծրագրում, թող բախտները փորձեն. տեսանյութ

Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի բարձունքում Սերժ Սարգսյանը լրագրողների այն դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանը մերժելի է համարել Ադրբեջանի և Թուրքիայի դրոշների այրումը, այսպես ասած, փորձեց ցուցադրել մաթեմատիկական իր գիտելիքները՝ նշելով՝ «այնպես չէ, որ օրվա իշխանությունները 100 տոկոսով ուրացել են Ցեղասպանությունը, սակայն այդ ճանապարհին են»:

Չկտրվելով մաթեմատիկայի ու տոկոսների թեմայից՝ Սարգսյանը նաև վստահ հայտարարեց, թե «ժողովրդի 80 տոկոսը իշխող ուժին դավաճան է համարում»:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում քաղաքագետ Հարություն Մկրտչյանը, անդրադառնալով Սարգսյանի հայտարարություններին, ասում է՝ այս պարագայում կպատասխանի սարգսյանական վերջին «մոդայով». «Էշ-Էշ խոսելու նուրբ արվեստ է: Սերժ Սարգսյանը՝ ՀՀ պատմության գերագույն գլխավոր մերժվածը, ի՜նչ պիտի ասի»:

Խոսելով Սարգսյանի այն հայտարարության մասին, որ իրենց նպատակը եղել ու մնում է Նիկոլ Փաշինյանին հեռացնելը, որ իրենք ունեն ծրագիր, բայց իմաստ չի տեսնում այն հրապարակայնացնել, Մկրտչյանն ասում է. «Այդ ի՜նչ ծրագրի մասին է խոսում մի մարդ, ում օրոք ՀՀ-ում «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործություն է տեղի ունեցել, նա թիվ մեկ պատասխանատուն է եղել ի պաշտոնե: Կարո՞ղ է Սերժ Սարգսյանը ինչ-որ նոր ահաբեկչական ակտի մասին գիտի և հանցավոր մասնակցություն է ցուցաբերում»:

Մկրտչյանի համոզմամբ՝ այս ամենը 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների ղողանջներն են, և որ Սարգսյանն ու Քոչարյանը նույն սցենարը պատրաստվում են կրկնել համապետական մասշտաբով:

Հարցին՝ իսկ ուր մնացին նրանց հակասությունները, քաղաքագետը պատասխանում է. «Էստեղ միակ դեպքն է, որ կարելի է Սերժի հետ համաձայնել․ հանգիստ թողեք Ռոբերտին էլ, Սերժին էլ»:

Զրուցակիցը եզրափակում է՝ ասելով՝ թեև այդքան պրոպագանդվող իբրև թե հակասություններին, Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը շարունակում են մնալ «սիամական զույգեր» և անհրաժեշտության դեպքում գործելու են միասնական ճակատով, ինչի վառ օրինակը Գյումրում ՏԻՄ ընտրություններն էին:

Առավել մանրամասն՝ ռեպորտաժում

605 դիտում , 1 դիտում այսօր

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ