ԱՄՆ-ն ՀՀ-ին ուրույն տեղ է հատկացնում. Թրամփի ապրիլքսանչորսյան ուղերձի կարևոր ազդակը

2021 թվականին Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն օգտագործեց «Հայոց ցեղասպանություն» եզրույթը։ Փաստացի դա առաջին անգամն էր, երբ Նահանգները հայերի հանդեպ տեղի ունեցած ոճրագործությունը «Մեծ եղեռնի» փոխարեն անվանեց Ցեղասպանություն։ Դրանից հետո նախագահ եղած ժամանակ Բայդենը ապրիլքսանչորսյան իր ուղերձներում մշտապես օգտագործում էր «Ցեղասպանություն» եզրույթը։

Բայդենին փոխարինած Դոնալդ Թրամփը ապրիլի 24-ի իր ուղերձում օգտագործել է «Մեծ եղեռն» եզրույթը: Թրամփի կողմից «Ցեղասպանություն» եզրույթը չկիրառելը քննարկումների առիթ է տվել: Ամերիկացի կոնգրեսական Ֆրենք Փելոնը գրառմամբ կարծիք է հայտնել, որ Թրամփի՝ Հայոց ցեղասպանության թույլ «ոգեկոչումը» նվեր է ժխտողականներին:

«ԱՄՆ-ի ճանաչումը պաշտոնական է և անշրջելի, բայց ցեղասպանություն բառն օգտագործելուց նրա հրաժարումը խարխլում է ճշմարտությունը և անարգում 1915-ի զոհերի հիշատակը: Պատմությունը պահանջում է պարզություն, ոչ թե վախկոտություն»,- գրել է Փելոնը:

Իրավաբան, իրավաբանական գիտությունների թեկնածու Արտաշես Խալաթյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նկատում է՝ չպետք է աղմուկ բարձրացնել տերմինների տարբերության համար, իրականում այդտեղ խնդիր չկա, որովհետև «Մեծ եղեռնը» ևս վերաբերում է բացառապես Հայոց ցեղասպանությանը, և այդ անվանումը միջազգային հանրությունը կիրառում է այնպես, ինչպես նույն կերպ հրեաների ցեղասպանությունն է միջազգային տերմինալոգիայով անվանվում «Հոլոքոստ»։

«Կարծում եմ՝ չափազանցնում ենք, քանի որ «Մեծ եղեռն» եզրույթն արտահայտում է ցեղասպանության իմաստը։ ԱՄՆ-ն 2019 թվականին Ներկայացուցիչների պալատի և Սենատի կողմից միաձայն ընդունել է բանաձև Հայոց ցեղասպանության դատապարտման մասին, դրան հաջորդել է նախագահ Բայդենի կողմից պաշտոնապես «Ցեղասպանություն» եզրույթի օգտագործումը, և սա աներկբա ճշմարտություն է: Մանկամտություն է կարծելը, որ տերմինը կարող է փոխել տվյալ պետության քաղաքականության մաս դարձած ցեղասպանության ճանաչումը կամ դատապարտումը»,- ասում է նա։

Զրուցակիցը ընդգծում է՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում ԱՄՆ-ն կատարել է իրավաքաղաքական անհրաժեշտ քայլերը, ընդ որում այն քիչ պետություններից է, որոնք թե՛ օրենսդիր, թե՛ գործադիր մակարդակում դատապարտել են Հայոց ցեղասպանությունը։

Խալաթյանի խոսքով՝ տերմինների վրա կենտրոնանալու փոխարեն առավել կարևոր է ուշադրություն դարձնել Թրամփի ապրիլքսանչորսյան ուղերձի այն հատվածին, որը վերաբերում է Հայաստանի հետ ռազմավարական գործընկերությունը շարունակելուն և պահպանելուն տարածաշրջանային կայունությունը:

«Այսինքն՝ Թրամփը պաշտոնապես ընդունեց ռազմավարական գործընկերության համաձայնագիրը, առնվազն ընդունեց դրա քաղաքական նշանակությունը նաև իր վարչակազմի համար, որը կնքվել էր Բայդենի վարչակազմի օրոք։ Սա նշանակում է, որ Թրամփը ճանաչում է այդ պայմանագիրը և հանձնառու է դրա կետերի կատարմանը։ ԱՄՆ-ն իր տարածաշրջանային քաղաքականության մեջ Հայաստանին ուրույն տեղ է հատկացնում, և սա արդեն որոշակի փաստաթղթով և ռազմավարական գործընկերությամբ հաստատված իրողություն է»,- նկատում է նա:

Նրա խոսքով՝ հասկանալու համար, թե հիմա որ մակարդակում է գտնվում հայ-ամերիկյան հարաբերությունների ճանապարհը, ու ինչ է անհրաժեշտ անել այդ ուղու զարգացման համար, պետք է ուշադիր լինել ԱՄՆ նախագահի, Սենատի, Ներկայացուցիչների պալատի, դեմոկրատական ընդդիմության գործողություններին։

Այստեղ Խալաթյանը հիշեցնում է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի ուղերձը Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ, որտեղ վերջինս ընդգծել է՝ ակնկալում է աշխատել հանուն Հայաստանի և տարածաշրջանի կայուն խաղաղության, բարգավաճման և անվտանգության․ «Սա նշանակում է՝ ՀՀ-ն՝ որպես ինքնիշխան պետություն, այսօր այն միակ պետական հանգրվանն է հայ ժողովրդի, որը հնարավորություն է տալու շարունակելու իր քաղաքական գոյությունը, հետևաբար խնդիրը Հայաստանին այնպիսի անվտանգության երաշխիքներ տրամադրելն է, որ հայ ժողովուրդը երբեք չարժանանա այն ճակատագրին, երբ ոչ պետական կարգավիճակում անտերության մատնվեց և ենթարկվեց ցեղասպանության»։

Արտաշես Խալաթյանը նկատում է՝ հաշվի առնելով վերոնշյալները՝ չեզոքանում են այն հայտարարությունները, թե Նահանգները երես է թեքել Հայաստանից։ Վերջինս հիշեցնում է՝ ԱՄՆ-ն ինստիտուտների երկիր է, և այնտեղ անձերով որևէ բան պայմանավորված չէ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ