Եթե 2026-ին իշխանություն վերցնեն պրոռուսական ուժերը, մենք կկորցնենք պետականությունը

Քաղաքագետ Դավիթ Ստեփանյանի կարծիքով՝ ոչ այնքան կարևոր է՝ արտաբերել է Թրամփը «Ցեղասպանությո՞ւն» եզրույթը, թե՞ այդ ողբերգությունն անվանել Մեծ եղեռն, որքան այն մեսիջները, որ կային նրա ուղերձում: «Ջո Բայդենն իրերն իրենց անունով է կոչել, բայց որևէ բան չի փոխվել։ Ես մշտապես առաջարկում եմ խոսել ռեալ քաղաքականության մասին և ոչ պատրանքների։ Ցավոք, Ցեղասպանության միջազգային ճանաչումը վաղուց մեզ համար դարձել է պատրանք, որով մեզ կերակրում են և՛ երկրի ներսից, և դրսից՝ այդ քողի տակ սպասարկելով այն շահերը, որոնք հայ ժողովրդի հետ ընդհանրապես որևէ կապ չունեն։ Ես ավելի շատ կկենտրոնանայի Թրամփի ավելի պրակտիկ ուղերձի վրա, այդ թվում՝ Հայաստանի ու ԱՄՆ-ի միջև ստորագրված ռազմավարական հարաբերությունների խարտիայի։ Ըստ իս՝ այդ հիշատակումը շատ ավելի կարևոր է Հայաստանի համար»,- Civic.am-ի հետ զրույցում ասաց նա:

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ Թրամփն ասել է մեկ առանցքային նախադասություն, այն է ՝ մենք սպասում ենք Հայաստանի գործողություններին. «Մենք փաստաթուղթը ստորագրել ենք, մնում է այն իրականացնենք։ Այդ փաստաթուղթն առաջին հերթին Հայաստանին է պետք, ուստի նախաձեռնողականությունը պետք է մերը լինի»։

Դավիթ Ստեփանյանի խոսքով՝ Հայաստանն այսօր ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ համագործակցությանն այլընտրանք չունի, իսկ Ռուսաստանի հետ համագործակցելը միայն աղետաբեր հետևանքներ է ունենալու: «Արցախի մասնատման ու վաճառքի գործարքից հետո մեզ համար ամեն ինչ պետք է պարզ լինի։ Ցավոք, այսօր Հայաստանում կան զանգվածներ, որոնք չեն հասկանում պահի լրջությունը։ Եթե 2026 թվականին մենք ճիշտ ընտրություն չկատարենք, ու իշխանություն վերցնեն պրոռուսական ուժերը, Հայաստանը կկորցնի պետականությունը։ Այն մարդկանց, որոնք դեռ ունեն պրոռուսական տրամադրություն, առաջարկում եմ սթափվել, խաղադրույքը Հայաստանի Հանրապետությունն է։ Մենք ռուսական գուբերնյա չենք լինելու, դառնալու ենք թուրքական վիլայեթ, որովհետև Ռուսաստանը մեզ ծախելու է»,- ընդգծեց նա։

Ինչ վերաբերում է հարցին, թե Ռուսաստանն ինչ գործիքներով կարող է հակազդել Հայաստանի այդ քայլերին, Ստեփանյանն ասաց՝ կոնկրետ քայլեր չեն լինի, կլինեն հայտարարություններ: «Սակայն քաղաքական դաշտում իրենք անում են ամեն ինչ, ինչ կարող են, օրինակ՝ Հայաստանում բացվում են նոր ԶԼՄ-ներ, որոնք ակնհայտ կերպով ֆինանսավորվում են Ռուսաստանի կողմից»,- եզրափակեց նա։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

256 դիտում , 1 դիտում այսօր

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ