![]()
Հունաստանի խորհրդարանի նախագահ Նիկիտաս Կակլամանիսը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ:
«1915 թ. ապրիլի 24 — 2025 թ. ապրիլի 24.
110 տարի անց՝ Հայոց ցեղասպանության պաշտոնական մեկնարկից։
Այդ օրը օսմանյան Կոստանդնուպոլսում ձերբակալվեցին, կտտանքների ենթարկվեցին և սպանվեցին հայ մտավորականների և համայնքային առաջնորդների մեծ մասը։ Նրանց հետ միասին կախաղան բարձրացվեցին հարյուրավոր պոլսահայեր։
Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասև էջերից մեկն է, որը խլեց 1.5 միլիոն հայերի կյանք, և դարձավ միլիոնավորների տարագրության ու տառապանքի սկիզբ։
Եվ այնուամենայնիվ, 110 տարի անց այս սարսափելի պատմական դեպքերից հետո Թուրքիան պաշտոնապես շարունակում է համառորեն մերժել պատմական ճշմարտությունը։
Եվ այսօր այն վայրում, որտեղ պատմությունն ու վերքերը հանդիպում են ներկային և ապագայի հույսերին, մենք բոլորս պարտավոր ենք հիշել, պատվել և պաշտպանել մեր եղբայրների հիշողությունը, այսօր՝ հայերի, վաղը՝ փոքրասիացիների, պոնտոսցիների և կիպրացիների։
Որովհետև միայն այսպես՝ հիշողությամբ ու խոհեմությամբ, կարող ենք միավորվել և դիմակայել մոռացությանը ու պատմության աղավաղմանը»,- ասվում է հայտարարության մեջ:
![]()