![]()
Յոթ տարի առաջ ապրիլի 23-ին հրաժարական տվեց երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Թե ինչ պայմաններում, ինչ զարգացումներից հետո՝ ընթերցողը, համոզված ենք, լավ է հիշում։ Յոթ տարին այնքան էլ մեծ ժամանակաշրջան չէ մոռանալու Սարգսյանի պաշտոնավարման 10 տարիները, մինչդեռ նրա թիմի ներկայացուցիչները երրորդ նախագահի պաշտոնավարման շրջանը յոթ տարիների հեռվից փորձում են մատուցել որպես «մե հրաշք, մե փառահեղ» տարիներ՝ կարծելով, թե հայ ժողովուրդը տառապում է ռետրոգրադ ամնեզիայով և չի հիշի հիշողության «մթագնմանը» նախորդած ժամանակահատվածի «պերճանքն ու թշվառությունը»։
Ի դեպ, վերջին երկու օրերին, մինչ ՀՅԴ-ն ու դրա «դուստր» կազմակերպությունը Ցեղասպանության զոհերի ոգեկոչումը խորհրդանշող ջահերով երթի քարոզչական աշխատանքներն էին հոգում, նախկին նախագահի քարոզչական թիմի «ջահակիրներն» էլ զբաղված էին Սերժ Սարգսյանի պաշտոնավարման շրջանի «ոգեկոչմամբ»՝ հընթացս բարոյահոգեբանական ամոթանք տալով հայ ժողովրդին, թե՝ 7 տարի առաջ «ղալաթ» արեցիր՝ տուն ճանապարհելով քո «հով ու ապահով» կյանքի երաշխավորին։
ՀՀԿ ԳՄ անդամ, նախկին նախարար, պատգամավոր Արտակ Զաքարյանն ու մյուս կարկառուն ՀՀԿ-ականները «ոգեկոչման» արարողության շրջանակներում տիրաժավորել էին մի ռեպորտաժ, որում պատմվում է Սերժ Սարգսյանի «գահակալության» շրջանի մասին՝ դրանից բխած «փառահեղ» հետևանքներով։ «Նայեք ու վերհիշեք, թե ինչպիսի պետության քաղաքացի էիք դուք ու ընդամենը յոթ տարում ինչպես եք կորցրել ձեր դիրքերն աշխարհում: …Նայեք ու համոզվեք, որ ուղիղ յոթ տարի առաջ, 2018թ. ապրիլի 23-ին, ոչ թե Սերժին ու ՀՀԿ-ին եք մերժել, այլ ինքներդ ձեզ, ձեր պապերին ու հայրերին, ձեր զավակներին ու թոռներին եք մերժել: Ձեր իրական անկախությունն ու անվտանգությունն եք մերժել, ձեր Արցախն եք մերժել, ձեր Սրբադասված 1,5 միլիոն Զոհերի հիշատակն եք մերժել: Ձեր հայկական ինքնությունն ու արժանապատվությունն եք մերժել, ձեր հաղթանակած բանակի մարտական ուղին եք մերժել: Եվ վերջապես ձեր բանականությունը, տրամաբանությունն ու ներազգային համերաշխությունն եք մերժել»,- տեսանյութին կից գրել է Սերժ Սարգսյանին «դամբանական» ձոնած Զաքարյանը։ Իսկ թե ինչ «նայելու և հիշելու» արժանի այլ բաներ էին տեղի ունենում նույն Սերժ Սարգսյանի պաշտոնավարման օրոք, բնականաբար, Զաքարյանն ու ՀՀԿ-ի ագիտպրոպի մյուս սպասարկուները որոշել են զանց առել։
Մինչդեռ ՀՀԿ-ն եթե հայ ժողովրդի նկատմամբ գեթ մեկ ունցիա պատկառանք ունենար, ապա յոթ տարի ուշացումով գոնե յոթ րոպեանոց տեսանյութ կպատրաստեր՝ նշելով իր ու իր առաջնորդի կողմից թույլ տրված սխալների, բացթողումների, «պռավալների» և մյուս խայտառակությունների «թոփ յոթյակը»։ Նման քայլը, հարկավ, կդիտարկվեր որպես քաղաքական, այսպես ասած, մեղսաքավության ժեստ այն ժողովրդի հանդեպ, որի քվեն ակնկալում են 2026-ի ԱԺ ընտրությունների ժամանակ։ Ի դեպ, Զաքարյանին ու Սերժ Սարգսյանի մյուս սազանդարներին հիշեցնենք, որ 2018-ի ԱԺ արտահերթ ընտրություններից առաջ դրանց մասնակցած ՀՀԿ-ն մի «խոստովանագիր» էր հրապարակել, որում թեև մեղմ ձևակերպումներով, սակայն նշել էր իր կողմից թույլ տրված սխալներից առնվազն 11-ը։ Ահա դրանցից մի քանիսը. «Կրելով պատասխանատվության և դժվարին բարեփոխումների բեռը, Հայաստանի հանրապետական կուսակցությունը հանդես գալով որպես իշխող ուժ, մի շարք հարցերում կրկնեց իշխանական կուսակցություններին բնորոշ սխալներն ու բացթողումները: …Կուսակցության անդամակցությունը դարձավ իշխանության հետ նույնականանալու միջոց: Կուսակցությանն անդամագրվեցին նաև գաղափարական հենքը չկիսող, կուսակցության արժեքները չգիտակցող և կուսակցական տոմսը որպես «թողության գիր» օգտագործող անձինք։ Առողջ քննադատությունը երբեմն չէր տարբերակվում ապակառուցողական ընդդիմախոսությունից: Միևնույն ժամանակ, որոշ հարցերում ցուցաբերվում էր ավելորդ հանդուրժողականություն, որը խարխլում էր թույլատրելիի սահմանները կուսակցականների համար և սրում հանրային բացասական ընկալումները: Որոշ կարևոր բարեփոխումներ կյանքի էին կոչվում առանց բավարար նախապատրաստական և բացատրական աշխատանքի՝ պարարտ հող ստեղծելով անհիմն քննադատության համար, երբեմն էլ անհրաժեշտ փոփոխությունները դանդաղում էին: Չնայած որոշ հաջողություններին՝ հնարավոր չեղավ արմատախիլ անել կաշառակերությունն ու կոռուպցիայի այլ դրսևորումները: Կադրային բազայում արհեստավարժ, կիրթ և փորձառու մասնագետների պակասը մնաց երկրի կարևորագույն խնդիրներից մեկը, հատկապես միջին և ստորին օղակի համալրման առումով: Չնայած ձեռնարկվող ջանքերին՝ չլուծված են մնում երկրի մի շարք առանցքային սոցիալ-տնտեսական խնդիրներ: Հասարակությունը բավարարված չէ երկրում սոցիալական արդարության, արդարադատության անաչառության մակարդակով, ահազանգում է հասարակության սոցիալական շերտավորման խնդիրների մասին»:
Նկատենք՝ նույնիսկ խոստովանական այսպիսի ցուցմունքը չօգնեց տոտալ մերժման արժանացած ՀՀԿ-ին հաղթահարել ԱԺ անցնելու անցողիկ շեմը, կուսակցություն, որը մեկ տարի առաջ՝ 2017-ի ԱԺ ընտրությունների ժամանակ, 770 հազար 441 ձայն էր ստացել։ Հիշեցնենք՝ 2018-ի դեկտեմբերին կայացած ընտրություններում 150 հազարից ավելի անդամ ունեցող ՀՀԿ-ն ստացել էր 59 հազար 83 քվե (4,7 տոկոս), այսինքն՝ նույնսիկ ՀՀԿ-ականները չէին քվեարկել սեփական կուսակցության օգտին։ 2021-ին էլ հետպատերազմական դեպրեսիայի ալիքի վրա իշխանության գալ փորձող ՀՀԿ-ն, ԱԺ ընտրություններին մասնակցելով «Պատիվ ունեմ» դաշինքով, ընդամենը մի քանի հազար ձայն ավելի ստացավ՝ 66 հազար 650՝ օրենքի ուժով հայտնվելով ԱԺ-ում։ Արդ, եթե նախկին նախագահի քարոզչական թիմը որոշել է գալիք ընտրություններում գոնե կրկնել 2021-ի արդյունքը, ապա պետք է ոչ թե «Սերժի վախտերի» ոգեկոչմամբ զբաղվի՝ ամոթանք տալով ու մեղավորության զգացում ներարկելով թավշյա հեղափոխություն իրականացրած ժողովրդին, այլ՝ մեկ օր շուտ տարանջատվի մերժված նախագահից։ Մերժված ու մերժելի՝ 1-2 տոկոս հանրային վստահություն ունեցող Սերժ Սարգսյանն էլ պետք է քաղաքական խոհեմություն ցուցաբերի և հանուն ՀՀԿ-ի հիմնադիր հայրերի հիշատակի բաց թողնի մաշված ու ինքնամերժված ՀՀԿ-ին, կուսակցության առաջիկա՝ 18-րդ համագումարում չհավակնելով ՀՀԿ նախագահի պաշտոնին՝ թույլ տալով կազմակերպությանը ռեաբիլիտացվել, հաղթահարել «Սերժի օրոք» պատուհասած աղետի՝ «թավշյա մերժման» հետևանքները։
Հ.Գ. Քանի որ ՀՀԿ-ի ագիտպրոպը «յոթ տարի առաջ»-ի թվարկումներով է հանդես եկել, մենք էլ նույն ոճով մի քանի արձանագրում անենք։ Արդ, յոթ տարի առաջ իրականացնելով հեղափոխություն՝ ՀՀ քաղաքացիները ազդարարեցին «դեպի իշխանություն տանող ճանապարհն անցնում է Մելիք-Ադամյան փողոցով» էպոպեայի ավարտի մասին։ Յոթ տարի առաջ իրականացնելով հեղափոխություն՝ ՀՀ քաղաքացիներն ապացուցեցին, որ դեպի իշխանություն տանող ճանապարհն այսուհետ անցնելու է ընտրատեղամասերով՝ քվեախցիկներում կատարված ընտրության միջոցով։ Յոթ տարի առաջ իրականացնելով հեղափոխություն՝ ՀՀ քաղաքացիներն ապացուցեցին, որ «քաղաքական կյանքի ջոյստիկն» այլևս ՀՀԿ-ի ձեռքում չի լինելու (ականջդ կանչի, Արմեն Աշոտյան), քաղաքական իշխանությունը չի մոնոպոլացվելու, «ընդգծված ընդդիմության դերը» չի թերագնահատվելու (Դավիթ Հարությունյան, քո ականջն էլ կանչի), կառավարող կուսակցությունը չի վերածվելու «տանիքի»՝ «ինչ-ինչ խնդիրներ լուծողների համար» (թող այժմ կանչի Սերժ Սարգսյանի ականջը)։ Յոթ տարի առաջ իրականացված հեղափոխությամբ արձանագրվեց, որ Հայաստանն այլևս ֆորպոստ չէ, որ մեկ գիշերվա մեջ պետությանը հնարավոր չէ քարշ տալ այս կամ այն տնտեսական կամ այլ միություն, որ Ղարաբաղի հարցն այլևս հնարավոր չէ դարձնել քաղաքական վերարտադրման հաղթաթուղթ, տարածաշրջանի ամենամարտունակ բանակի քարոզչության ներքո զբաղվել բանակը բարոյալքելով ու թալանելով, կոռուպցիայի, կաշառակերության դեմ պայքարի անվան ներքո զբաղվել պետական միջոցները գրպանելու «100 արդար եղանակի» մշակմամբ՝ այսօր էլ դառնալով ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքի շահառու։ Ցեղասպանության հարցը արտաքին քաղաքականության օրակարգի հարց դարձնել՝ միաժամանակ ստորագրելով պատմաբանների հանձնաժողովի ստեղծման մասին կետ ներառող հայ-թուրքական արձանագրությունները, ԱՄՆ փոխնախագահ Բայդենին էլ թախանձել ձեռնպահ մնալ Ցեղասպանության հարցը թեժացնելուց…
![]()