Չկա որևէ ստորություն, որին ՌԴ-ն ընդունակ չէ. Մոսկվան կփորձի այստեղ նոր նաիրիհունանյաններ բուծել

Քաղաքագետ, «Հանուն Հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝ Ռուսաստանից պատվեր է եկել՝ շարունակել Հայաստանի ժողովրդի կողմից մանդատ ունեցող իշխանության և հասարակության միջև անջրպետ մեծացնելը: «Բնականաբար, հենց ռուսական տարբերակով ամենաստոր մեղադրանքներն են առաջ բերվում՝ այնպիսի բնույթի, որ նույնիսկ դրանց հերքելն է տոքսիկ և ներքաշում է շատ նյարդային խոսակցության մեջ։ Դրանք ռուսական մեթոդներ են, որ դրված են իրենց խամաճիկների ձեռքը։ Առջևում էլ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցն է, մեր ժողովուրդը հարգանքի տուրք է մատուցում… պետք է այդ ամենն ապականել ու հետապնդել իրենց առջև դրված քաղաքական նպատակները»,- Civic.am-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ այսպես կոչված, «ընդդիմությունը» անբռնազբոս կերպով ոռնում է, որովհետև Հայաստանում քրեականացված չեն Հայաստանի սուվերենության, տարածքային ամբողջականության դեմ քարոզն ու հրապարակային ելույթները. «Հաջորդը՝ պետք է քրեականացվի նացիստական ու կոմունիստական սիմվոլիկայի, Հիտլերի ու Ստալինի կուլտերը հրապարակայնացնելը։ Այդ ժամանակ սրանց ձայնը կկտրվի, և կտեսնենք, թե քանիսն են մկան ծակը մտնելու առհավետ։ Պետությունը պետք է ինքն իրեն պաշտպանի, իշխանության պարտականությունն է պաշտպանել հասարակությանն այնպիսի տոքսիկ ազդեցությունից, որ գալիս է Ռուսաստանից»,- նկատեց քաղաքագետը։

Խոսելով մամուլի այն հրապարակումների մասին, թե ընդդիմադիր ուժերը նախատեսում են մինչև 2026 թվականի ընտրությունները պարբերաբար լոկալ սադրանքների միջոցով քաոտիկ միջավայր ստեղծել երկրում, Մեհրաբյանը նկատեց՝ 100 տոկոսով ուղղորդված են Ռուսաստանի կողմից. «Նայեք ռուսական, այսպես կոչված, դիվանագիտական կորպուսի ակտիվությանը Հայաստանում։ Գյումրիում հյուպատոսը, բազայի հրամկազմը վեր ընկած էին այդ դահլիճում։ Սա առանց քաղաքական որոշման՝ անհնար է։ Ռուսաստանն այն երկիրն է, որ բացառում է նման ինքնագործունեություն։ Իսկ այդ ուժերը կհաջողեն այնքանով, որքանով նրանց թույլ կտրվի։ Պետությունն իր իրավապահ մարմիններով, հատուկ ծառայություններով պետք է այդ ամենը կոշտ և կտրուկ ձևերով կանխի։ Նաև՝ ուշադրություն դարձնի ելումուտ լինող դրամական շարժին, այդ թվում՝ կրիպտոոլորտը պետք է լավագույնս վերահսկվի, կանխիկ շրջանառությունն էլ պետք է անմիջական հսկողության տակ լինի, որովհետև սա դիվերսիա է պետության դեմ»։

Ըստ նրա՝ այդ ուժերի ցանկացած ակտիվություն կլուսաբանվի ռուսական, ապա ադրբեջանական ռուսալեզու մամուլում. «Հայկական հինգերորդ շարասյունն էլ վակխանալիա կսարքի՝ թիրախավորելով հասարակությանը։ Իսկ հիբրիդային պատերազմի դեպքում հիմնական թիրախը հենց հասարակությունն է»,- եզրափակեց նա։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

105 դիտում , 1 դիտում այսօր

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ