Սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում ակտիվորեն տարածվում է ticket-am.com կայքի հղումը, որը ներկայացվում է որպես աշխարհահռչակ երգչուհի Ջենիֆեր Լոպեսի՝ Երևանում կայանալիք համերգի տոմսերի վաճառքի հարթակ։
Կայքում նշված է, թե տոմսերն արդեն հասանելի են տարբեր գնային կատեգորիաներով՝ հիմնականում մի քանի հարյուր հազար դրամ արժեքով, գրում է civilnet.am-ը:
Ջենիֆեր Լոպեսի՝ օգոստոսի 3-ին նախատեսված համերգի տոմսերը դեռևս չեն վաճառվում։ Երգչուհու պաշտոնական կայքում նշված է, որ Երևանի համերգի համար վաճառքը դեռ չի մեկնարկել՝ ի տարբերություն այն քաղաքների, որտեղ հասանելի են ակտիվ հղումներ դեպի պաշտոնական տոմսային հարթակներ։
Հայաստանում տոմսերի վաճառք իրականացնող վստահելի հարթակները ևս դեռ չեն սկսել այս համերգի տոմսերի վաճառքը։
Հիշեցնենք՝ միջազգային հռչակ վայելող երգչուհի Ջենիֆեր Լոպեսը համաշխարհային տուրի շրջանակներում համերգով հանդես կգա Հայաստանում։
Երգչուհին հրապարակել է ամառային ամիսներին կայանալիք համերգային տուրի մասին տեղեկատվություն, որից պարզ է դառնում՝ վերջին կանգառը Երևանն է:
Լոպեսը «Up all night» խորագրով համաշխարհային տուրի շրջանակներում ելույթ կունենա Երևանում օգոստոսի 3-ին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական ստադիոնում։
Տուրի շրջանակներում Լոպեսը համերգներ կունենա Թուրքիայում, Իսպանիայում, Եգիպտոսում, Հունգարիայում, Լեհաստանում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Ղազախստանում։