ԵՄ դիտորդները մեծ գումարած են դնում ՀՀ-ի կողքին և ապացուցում իրենց այստեղ գտնվելու կարևորությունը. Ստեփանյան

Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունը հաղորդագրություն է տարածել՝ արձանագրելով քաղաքացիական ենթակառուցվածքների վրա սահմանային կրակոցների հետևանքները։

Դիտորդական առաքելությունը նկատել է, որ Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրում արձանագրվել է երկու կրակոց, որոնք վնասել են քաղաքացիական ենթակառուցվածքը․ հնարավոր է, որ դրանք արձակվել են այդ տարածքում գտնվող ադրբեջանական դիրքերից։

Հիշեցնենք՝ Ադրբեջանը Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ կրակ էր արձակել ապրիլի 20-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում, ինչի հետևանքով վնասվել էր գյուղի բնակելի տներից մեկի տանիքում տեղադրված արևային ջրատաքացուցիչը:

Քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում շեշտում է՝ սա արձանագրություն է առ այն, որ կրակոցները հնչում են Ադրբեջանից, ավելի կոնկրետ՝ ամենօրյա ռեժիմով հայկական կողմին կրակոցների համար մեղադրող Ադրբեջանն է, որ իրականում կրակում է ՀՀ տարածքում․ «Ամեն օր ադրբեջանական ՊՆ-ն ասում է՝ կրակում են, ՀՀ ՊՆ-ն հերքում է։ Հիմա եվրոպական դիտորդները այդ հավասարության մեջ մի մեծ գումարած են դրել մեր կողքին և ապացուցում են իրենց այստեղ գտնվելու նպատակահարմարությունն ու անհրաժեշտությունը»։

Նրա խոսքով՝ սա հստակ գործիք է, որով ընդգծվում է, թե ով է իրականում կրակողը, ագրեսորը, խաղաղությանը դեմ գնացողն ու էսկալացիայի մտքեր ունեցողը:

«Հերթական անգամ ապացուցվում է, որ Եվրոպական առաքելության առկայությունը Հայաստանում անհրաժեշտություն է, այսինքն՝ հստակ է, թե ով է պայմանական հրադադարի խախտողը, այն դեպքում, երբ Ադրբեջանի կողմից այդպիսի գործիքակազմ չկա։ Միջազգային հանրությունն էլ հասկանում է, որ Ադրբեջանն է ագրեսորը։ ԵՄ առաքելությունը միջազգային հանրության մի մասն է և երբ արձանագրում է ու գրավոր ուղարկում Բրյուսել, նշանակում է, որ այս փաստն արձանագրում են բոլորը»,- կարևորում է Ստեփանյանը։

Այս հայտարարությունը, սակայն, դեռևս չի նշանակում, որ Ադրբեջանի դեմ ճնշումներ կգործադրվեն, նկատում է նա՝ հավելելով, որ միջազգային հանրությունը դրա մասին կմտածի, եթե Ադրբեջանը խախտի կարմիր գծերը։ Միևնույն ժամանակ, ըստ զրուցակցի, այս պահին Ադրբեջանը թույլտվություն չունի հարձակվելու Հայաստանի վրա։ Փոխարենը դիտորդական առաքելության այս հայտարարությունը ավելի կսաստկացնի առաքելությանն ուղղված Ադրբեջանի մեղադրանքները։

«Ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև Ռուսաստանի կողմից ավելի են շատանալու այդ հայտարարությունները, որով դիտորդական առաքելությանը մեղադրելու են տարբեր տեսակի գործունեության համար և դեմ են լինելու, որ նրանք ներկա գտնվեն ՀՀ սահմաններին։ Առաքելությունը խանգարում է իրենց պլանների իրագործմանը, վաղը կարող են ասել՝ Հայաստանն է հարձակվել, այլ ոչ թե հակառակը»,- ասում է նա։

Դավիթ Ստեփանյանի կարծիքով՝ Եվրամիությունը այս հայտարարություններով ցույց է տալիս նաև, որ առաքելության ներկայությունը Հայաստանի համար հրամայական է, այլընտրանք չունեցող անվտանգության պահպանման միջոց։

ԵՄ դիտորդները Հայաստան են ժամանել երկու տարի առաջ՝ 2023-ի փետրվարի 20-ին։ Այս տարվա հունվարին որոշում ընդունվեց, ըստ որի՝ նրանք կմնան Հայաստանի սահմանամերձ շրջաններում ևս երկու տարի՝ մինչև 2027-ի փետրվարի 19-ը։

Բաքուն ԵՄ առաքելությանը մեղադրում է «լրտեսական գործունեություն» իրականացնելու համար: Եվրամիության առաքելությունը կտրականապես հերքում է այս մեղադրանքները։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ